14/06/2017 11:30
Ցանկացած երեխա պետք է ուրախ լինի, որ ապրում է Հայաստանում. Հայաստանը կլինի այն Հայաստանը, որը մարդիկ ուզում են տեսնել. Հենրիխ Մխիթարյան
«Յունիսեֆ Հայաստանն» այսօր հանդիպում էր կազմակերպել «Յունիսեֆի»՝ Հայաստանի բարի կամքի դեսպան ու Հայաստանի ազգային հավաքականի և «Մանաչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ «Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ» թեմայով։
Aysor.am-ի թղթակիցը Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները Հայաստանի ազգային հավաքականի ավագի ապրած երկրներում բնակվող երեխաներից։
«Հայաստանում մանկությունը լավ է, երեխաները խաղալու հնարավորություն ունեն, երեխաները շատ ընկերական են, արտասահմանում այլ է, երեխաները այնքան էլ ընկերական չեն, նրանք այլ հետաքրքրություններով են զբաղված, ես էլ եմ ունեցել մանկություն, բայց Հայաստանում մանկություն ունենալն ավելի լավ է, ավելի հաճելի, քան՝ Եվրոպայում, ցանկացած երեխա պետք է ուրախ ու երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում», - ասաց Հենրիխ Մխիթարյանը։
Aysor.am-ի թղթակցի մյուս հարցին՝ եթե հիմա երեխա լիներ, ի՞նչ կուզեր փոխել Հայաստանում, Հենրիխ Մխիթարյանն ասաց, թե ինքը հիմա էլ է երեխա։
«Ես հիմա էլ եմ երեխա, այնպես չէ, որ շատ մեծ եմ, բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք, ինչ էլ որ հիմա Հայաստանն ունի, կարծում եմ, որ ինչ-որ չափով բավարար է՝ չնայած առաջ գնալու, կատարելագործվելու շատ տեղ կա, կարծում եմ՝ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն և այլևս խնդիրներ չեն լինի, ու Հայաստանը կլինի այն Հայաստանը, որը մարդիկ ուզում են տեսնել», -նշեց Հ. Մխիթարյանը։
Թե ինչպիսի՞ն է Հենրիխն իրեն տեսնում որպես ապագա ծնող, արդյոք խիստ հայր կլինի, բարի կամքի դեսպանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ թե որպես ծնող, թե որպես ապագա հայր, կարծում եմ, որ պետք բալանսավորված լինես, ինչ որ տեղ, եթե պետք լինի, պետք է շատ մեղմ լինես, ինչ որ տեղ՝ նաև ջղային լինես, քանի որ երեխայի լավ դաստիարակությունը բերում է երեխայի լավ ապագայի, կփորձեմ լինել ավելի մեղմ հայր»։