15/06/2017 14:50
Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները և փաստել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը բարձր հիմքերի վրա է: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար, ինչպես նաև տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Արցախի Հանրապետության խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարևորել է Ցեղասպանության միջազգային դատապարտումն ու ժխտողականության դատապարտման հարցում երկու երկրների ջանքերի միավորումը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա քայլ է հանուն մարդկության իրավունքների պաշտպանության, իսկ Հունաստանը՝ որպես ժողովրդավարության օրրան, այստեղ անելիք և ասելիք ունի:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ ևս նշել է. «Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման հարց է. ժողովուրդ, որն ուզում է իր պատմական հայրենիքում որոշել իր ճակատագիրը: Արցախի ժողովրդի պայքարն ազատության պայքար է, և քաղաքակիրթ աշխարհը պետք է սատարի արցախցիների ազատության պայքարին»: