15/06/2017 19:40
Ես շատ լավ զգում եմ, որ 40 տարեկան եմ, ու դա հրաշալի է. Լուիզա Ղամբարյան
ՀՀ վաստակավոր արտիստուհի, Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այսօր դառնում է 40 տարեկան: Հոբելյանական օրը դերասանուհին երկու հատվածի է բաժանել՝ իրենից զուրկ չթողնելով ո՛չ ընտանիքին, ո՛չ էլ հանդիսատեսին:
«Տանը՝ փոքրիկ ընտանեկան միջավայրում կնշենք օրս, որից հետո երեկոս կանցկացնեմ բեմում, ներկայացում ունեմ խաղալու: Նման տարիները բացառություն չեն, էլի են եղել: Բայց ուրախ եմ, որ այդպես է դասավորվել. անձնական և ստեղծագործական զգացողությունների համատեղում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոբելյարը:
Հարցին՝ արդյոք մեծ խնջույք չանելու պատճառը 40-ամյակի հետ կապված ընդունված սնահավատությունն է, մեր զրուցակիցը նշեց.
«Որոշումս բնավ կապ չունի 40 թվի հետ: Այնպես չի, որ ես այսօր բոլորովին չեմ նշում ծննդյանս օրը, ուղղակի հյուրերիս թիվն է սակավ, քանի որ այս անգամ զգացողություններս են տարբեր: Բայց, կրկնվեմ ու նորից ասեմ, սնահավատության հետ դա բոլորովին կապ չունի»:
Դերասանուհուն ուղղված շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից: Դստրիկի և ամուսնու կողմից անակնկալներ ևս եղել են, որոնց մասին հոբելյարը նախընտրեց չբարձրաձայնել:
Կյանքի 4-րդ տասնամյակ նոր-նոր ոտք դրած Լուիզա Ղամբարյանը նկատում է՝ զգացողություններն ու ապրումները տարբերվում են: Թեև ավելացող թվերից բոլորովին չի վախենում, սակայն դրանց առկայությունն իր կյանքում զգում է:
«Տարիքը զգալ-չզգալը շատ հարաբերական է: Ես շատ լավ զգում եմ, որ 40 տարեկան եմ, ու դա հրաշալի է: Զգում եմ այդ տարիքի բոլոր լավ կողմերը՝ հասունությունը, իմաստնությունը, վաստակած խաղաղությունը, անցած ճանապարհս ու արած գործերս: Նաև, հստակորեն պատկերացնում եմ այն, ինչը հետագայում պետք է անեմ: Չէ՞ որ դա այն է, ինչը չես կարող 30-ում ապրել: Յուրաքանչյուր տարիք ունի իր օրինաչափ զգացողությունները: Երջանիկ եմ, որ 40 եմ, լինելով բեմի մարդ՝ ես խաղաղ ու ներդաշնակ եմ ինձ հետ, սիրելու ցանկությունս չի կորել: Ես սիրում եմ մարդկանց ու աշխարհը, բայց արդեն հասուն ու գիտակցված սիրով: Երջանիկ եմ ու դա է ամենակարևորը», - ընդգծեց օրվա հերոսուհին:
Որքան ավելանում է մեր տարիքը, այնքան շատանում են մեր թե՛ ձեռքբերումները, թե՛ կորուստները: ՀՀ վաստակավոր արտիստուհին խոստովանեց՝ ինչքան հաղթանակներ, գրեթե նույն չափ էլ ձախողումներ է ունեցել, բայց չի հուսահատվել: Պայքարել է.
«Առանց այդ վայրէջքների ու վերելքների չես կարող ճանապարհդ հարթել, դառնալ այն, ինչ կաս: Մենք մեր սխալներով ու այդ սխալները շտկելով ենք կայանում: Ստեղծագործական կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի սերն է: Ես զգում եմ, որ դա ունեմ, ու այն անգնահատելի արժեք է: Թևավորվում ու ուժեղանում եմ այդ սիրուց: Ասում են չէ՞՝ մինչև 30 տարեկանը անում ես ամեն ինչ, որ անուն ստեղծես, իսկ 30-ից հետո անունն է ծառայում քեզ: Ու երևի հիմա ես 2-րդ փուլում եմ: Ծնողներիս, Աստծուն ու ճակատագրիս շնորհակալ եմ, որ Ղամբարյան Լուիզայից դարձա Լուիզա Ղամբարյան»:
Դերասանուհու միակ դստրիկն արդեն 12 տարեկան է: Նկատառմանը՝ չի՞ պատրաստվում ևս մեկ անգամ վայելել փոքրիկ ունենալու բերկրանքը, նշեց.
«Մարդը կարող է շատ երազանքներ ու ցանկություններ ունենալ, բայց ամեն ինչ Աստված է տնօրինում: Առաջին հերթին ես հիմա մտածում եմ աղջնակիս հետ կապված հստակ ծրագրերի մասին: Յուրքանչյուր կին ծնելու համար է ծնվում: Ես էլ հաճախ ունենում եմ նման մտքեր»:
Ի դեպ, հոբելյար-դերասանուհին այսօր խաղալու է «Սև դառը SHOCKոլադ» ներկայացման մեջ, որի հերթական բեմելը վերջերս հետաձգվել էր դերասանուհու գերհոգնածության և մրսածության պատճառով, թեև դեղին մամուլն այդ ամենին բոլորովին այլ ենթատեքստ էր տվել:
«Ճանաչված լինելն իր վատ կողմն էլ ունի, համացանցը կարող է քո մասին տարբեր ապատեղեկատվությամբ ողողվել:
Նման դեպքերում ես ավելի շատ հարազատներիս ու հանդիսատեսիս համար եմ անհանգստանում ու փորձում եմ վայրկյան առաջ ապատեղեկատվությունից զերծ պահել նրանց», - ժպիտով նկատեց Aysor.am-ի զրուցակիցը:
Դերասանուհին իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ պահպանվի այն, ինչ հիմա ունի: Մյուսներին էլ մաղթում է սեր, առողջություն ու նպատակների իրականացում:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Լուիզա Ղամբարյանին՝ մաղթելով առողջություն, նպատակների իրականացում, անձնական ու ստեղծագործական վերելքներ: