16/06/2017 18:06
Դերասան Արման Նավասարդյանը ռուսական սիթքոմում նկարահանվելու առաջարկ է ստացել
«Две девицы на мели». այսպես է կոչվում «Քոմեդի Քլաբ» փրոդաքշնի կողմից նկարահանվող ռուսական այն սիթքոմը, որում ներգրավված է նաև Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են մայիսի 27-ին, հայ դերասանն էլ հենց առաջին օրից նկարահանման տաղավարում է եղել:
«Այս սիթքոմը նկարահանվում է ռուսական «Пятница» հեռուստաընկերության համար: Առաջին եթերաշրջանը 20 մասից է բաղկացած: Սկզբում Հայաստանում տեղի ունեցած քասթինգի արդյունքում ես ընտրվեցի, այնուհետև Ռուսաստանում փորձնական նկարահանումներ արեցին: Վերջնական արդյունքում այս դերի համար ինձ ընտրեցին», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանը:
Արման Նավասարդյանը այս սիթքոմի միակ հայ դերասանն է: Գլխավոր դերերում նկարահանվել են նաև Օլգա Կարտունկովան, Ալևտինա Տուկանը, Վլադիմիր Սիչովը և Վիկտոր Բիչկովը:
Նկարահանումները տեղի են ունենում Ռուսաստանում: Գործողությունների հիմնական վայրը ռեստորանն է, որտեղ Արմանը հայ շեֆ խոհարարի է մարմնավորում:
Համազգային թատրոնի դերասանն այս ընթացքում նկարահանվում է նաև «Կարգին» և «Էսքիզ» ստուդիաների կողմից պատրաստվող «Սուպեր մամա 2» կատակերգական գեղարվեստական ֆիլմում:
«Ֆիլմում հին կերպարներին նորերն են միացել, գործողությունների վայրն է փոխվել: Ըստ իս՝ բավական հետաքրքիր սցենար է գրված, հիմքը լավն է, հանդիսատեսը դժգոհ չի մնա: Թեև, կինոն չկտրած ձմերուկի պես է, մինչև չկտրես, համը չես իմանա», - խոստովանում է նա:
Հարցին՝ արդյոք հայաստանյան գործունեությունը չի խանգարում նկարահանումների ընթացքին, հասցնո՞ւմ է համատեղել աշխատանքը երկու երկրներում՝ մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց.
«Օրինակ՝ երեկ Մոսկվայում էի նկարահանման, այսօր առավոտյան եմ վերադարձել… Սիթքոմում ընդգրկված գրեթե բոլոր դերասաններն էլ զուգահեռ այլ նախագծերում էլ են նկարահանվում: Ամսվա մի մասն այս նախագծին ենք տրամադրում, մյուս մասը՝ մյուս նախագծերին: Այնպես որ, դադարների հիմնական մեղավորը ես չեմ, ես, ուղղակի օգտվելով այդ հանգամանքից, այդ օրերին գալիս եմ Հայաստան ու զբաղվում թատերական իմ գործունեությամբ»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Две девицы на мели» սիթքոմը ռուսական հեռուստաընկերությամբ կցուցադրվի աշնանից: «Սուպեր մամա 2»-ի պրեմիերան ևս նախատեսվում է աշնանը՝ սեպտեմբերի վերջին: