16/06/2017 12:33
Այս տարի կառուցապատման ոլորտում կլինի մոտ 150 մլն-ի ներդրում. Նարեկ Սարգսյան
Ընտրություններից հետո ակնկալում էինք կառուցապատման ոլորտում ներդրումների ավելացում, հիմա ևս վերահաստատում եմ դա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Քաղաքապետարանի հարթակում եղած ներդրումները 70 մլն դոլարի սահմաններում են, իսկ կոմիտեի հարթակի ներդրումային ծրագրերը կազմում են մոտ 70-100 մլն դոլար։ Սա վերաբերում է այս տարվա ծրագրերին», - ասաց Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց՝ ուսումնասիրվել են կառուցապատողներին մտահոգող առաջնային խնդիրները։
«Հիմնական դժգոհությունները վերաբերում են կառուցապատման թույլտվությունների ընթացակարգերին՝ դրանք բարդ են ու պետք է պարզեցվեն», - ասաց Ն. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բավականին պարզեցվել է կառուցապատող, ՏԻՄ, համայնք, կոմիտե ընդհանուր շղթան։
«Եթե նախկինում ներդրողներն իրենք էին գալիս, դռներ թակում, ապա այսօր ինքներս ենք դա անում։ Նրանց հրավիրում ենք, ներկայացնում ծրագրերն ու առաջարկում մեր պատրաստակամությունը՝ խնդիրների լուծման համար։ Բոլոր հարցերի պատասխանը նրանք կարող են հստակ ունենալ», - ասաց Նարեկ Սարգսյանը։