16/06/2017 19:11
Շուտով մեղավորների հետ կպատժվեն նաև անմեղները. Կարեն Շահինյանը՝ «Գայանե» բալետը տապալողներին
Հունիսի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երաժիշտների մի մասի՝ բոյկոտի նպատակով բեմ դուրս չգալու արդյունքում տապալվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Հոբելյանական այս ներկայացումը նվիրված էր «Գայանե» բալետի ստեղծման 75 ամյակին:
Aysor.am-ի հարցին՝ արդյոք ներկայացումը տապալած արտիստները այս օրերի ընթացքում իրենց արարքի վերաբերյալ որևէ բացատրագիր են գրել, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանը պատասխանեց.
«Այդպես էլ որևէ մեկը որևէ բան չխոստովանեց, բայց դա չի նշանակում, որ պետք է անպատիժ մնան: Ճանապարհը գտնվեց և շուտով բոլորն իրենց շատ խիստ պատիժը կստանան: Եվ ասեմ, որ դա վերաբերում է արտիստների շատ մեծ քանակին»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ բոյկոտի գլխավոր հեղինակը նվագախմբի կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանն է, ով այդկերպ փորձել է աջակցել վերջերս աշխատանքից ազատված Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանին՝ Կ. Շահինյանը նշեց.
«Բանն այն է, որ անուններ տալուց պետք է նաև ապացույցներ լինեն, իսկ նման ապացույցներ մենք չունենք: Ոչ ոք տղամարդկություն չցուցաբերեց ու անուններ չհնչեցրեց, 80-ից ավելի բոյկոտողներից ոչ մեկը չպատասխանեց շատ պարզ հարցերին՝ ո՞վ է ասել մի նվագեք, բեմ դուրս մի եկեք և այլն: Միակ փաստն այն է, որ ինձ հետ միասին բեմում 20 երաժիշտ էր նստած էր, 55-60-ը չկային: Բալետի ամբողջ կազմն է բեմում եղել, և, բնականաբար, անպատիժ կմնա: Ով այդ պահին իր տեղում չի եղել, հրաժեշտ կտանք»:
Գեղարվեստական ղեկավարի օգնականի խոսքով՝ հարցն ամբողջովին կհանգուցալուծվի հունիսի 20-ին: Հրամանագիրը կստորագրի Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Ինչպես Կ. Շահինյանը խոստովանեց, մեղավորների հետ կպատժվեն նաև անմեղները:
«Մեջները կլինեն նաև անմեղներ, ու թող մեղավորները գնան ու մտածեն, թե ինչ է նշանակում, որ իրենց պատճառով անմեղ մարդիկ էլ են տուժում: Կազմակերպիչների խղճին թող մնա այն, ինչ արել են մյուս մոլորված մարդկանց հետ: Չնայած, այս դեպքում անմեղը խիստ հարաբերական է, պետք է չակերտներում վերցնել: Նույնիսկ պահի տակ մոլորության մեջ հայտնված մարդը պետք է գիտակցեր իր պարտականության մասին. զանգը հնչել է, վարիչը կանչել է, պետք է քո տեղում լինես: Շփոթմունքի մեջ գտնվելը ոչ մեկի մեղքի չափսը չի թուլացնում: Խայտառակվեցինք մեր հանդիսատեսի դիմաց, ում համար և աշխատում ենք: Մոտ 400 հոգի էլ արտասահմանցի հյուրեր ունեինք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Կարեն Շահինյանը: