17/06/2017 14:34
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվողի կալանքը երկարացվել է, նշանակվել է համալիր փորձաքննություն
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվել է: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Ջանջուղազյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
Բացի այդ, ըստ պաշտպանի, դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքները դեռ հայտնի չեն:
«Նախկինում Ջանջուղազյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակված եղել է, բայց այլ գործի շրջանակներում, դրանով կա եզրակացություն: Հիմա նշանակվել է փորձաքննություն այս գործով: Շուտով արդյունքները հայտնի կդառնան», - հավելեց Գուրգեն Հարությունյանը:
Նա նաև ասաց, որ այս գործով քննչական լրացուցիչ գործողություններ չեն կատարվել:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս գործին, որն այժմ ԱԱԾ քննչական վարչության վարույթում է. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանությունը կատարվել էր ապրիլի 22-ին: Սպանության մեջ մեղադրվում է Արամ Ջանջուղազյանը, որը Հայաստան տեղափոխվել էր Հունաստանից, ապրում էր Վանաձորում: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով՝ «սպանություն»:
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պարզվել է կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Ըստ ՔԿ-ի՝ 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ,որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:
Տարբեր տեղեկությունների համաձայն, Արամ Ջանջուղազյանը իրեն հայտարարում է իսլամի հետևորդ: