17/06/2017 16:26
Սահմանին կատարվածը մարտահրավեր է ընդդեմ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերին. ԼՂՀ ԱԳՆ
Վերջին 2 օրվա ընթացքում շփման գծում իրագործված սադրանքները բանակցային գործընթացը փակուղի մտցնելու Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ երեկ և այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայ 4 զինծառայողների մահվան վերաբերյալ:
«Դա բացահայտ մարտահրավեր է ընդդեմ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նմանատիպ ապակառուցողական քայլերը՝ չկանխվելու դեպքում, հանգեցնելու են վտանգավոր հետևանքների, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար», - ասել է Ներսիսյանը։