17/06/2017 16:39
Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր. նրանց վիճակը կայուն ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրանցից մեկը Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում է, մյուսը` «Մալայան» ակնաբուժական կենտրոնում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ երկու զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք` հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: