19/06/2017 12:31
Լևոն Ջուլֆալակյանը մանրամասներ է հայտնում Թբիլիսիում Արթուր Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպից
Հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր անդրադարձավ Թբիլիսիում տեղի ունեցած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի մրցումներում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին:
Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Թբիլիսիում տեղի ուենցած միջադեպից հետո հայկական մամուլում ոչ ճիշտ տեղեկություններ տարածվեցին, ինչը շատ տհաճ էր:
«Արթուր Ալեքսանյանը մեծ ըմբիշ է, որի մասին չի կարող սխալ ինֆորմացիա տարածվել: Արթուր Ալեքսանյանը Թբիլիսում մրցում էր վրացի ոչ այնքան հայտնի ըմբիշի հետ, ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին», - նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Ջուլֆալակյանի խոսքով՝ մրցման 5 րոպե 16 վայրկյանին երկրպագուների կողմից տեղի է ունեցել վրդովվություն. «Արթուրը միայն հարձակվում էր, բայց երկրպագուների համար անարդար էր, որ մրցավարները միավորներ շռայլեցին վրացի ըմբիշին: Տեղի ուենցավ միջադեպ երկրպագուների միջև: Մրցմանը դեռ 44 վայրկյան կար, ու ես համոզված էի, որ Արթուրն այդ 44 վայրկյանում միավորներ կհավաքեր, սակայն գոտեմարտն ընդհատվեց»:
Ջուլֆալակյանն ասաց, որ հարձակում է սկսվել Արթուր Ալեքսանյանի հոր ու նրա մարզչի՝ Գևորգ Ալեքսանյանի վրա. «Նրանց քաշքշել են, Արթուրն էլ, վերևից տեսնելով, իջավ գորգից բայց զսպեց իրեն, սակայն գորգից իջնելը խախտում է համարվում: Ըստ այդմ՝ նրան այս մրցաշարում որակազրկեցին»:
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը գորգ է իջել խնդրելու երկրպագուներին, որ հանդարտվեն. «Արթուրը որևէ մեկին ոչ ձեռքով կպել է, ոչ էլ անպատվել, բոլոր ձայնագրությունները կան»:
Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Հայաստանը ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ այս միջադեպի հետ կապված քայլեր ձեռնարկեն: «Մրացավարները պետք է տեղում լինեն: Նման պարտությունները կամ նվիրատվություններն անընդունելի են», - հավելեց նա: