19/06/2017 13:42
Միհրան Հարությունյանի մարզավիճակով է պայմանավորված առաջիկա մրցաշարերին հավաքականի կազմում նրա մասնակցությունը. Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն առայժմ չի կարող ասել՝ Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կլինի՞ առաջիկա մրցաշարերում, թե՞ ոչ։
«Միհրան Հարությունյանի մարզավիճակով է պայմանավորված՝ նա առաջիկա մրցաշարերում կլինի՞ հավաքականի կազմում, թե ոչ: Միհրանը բարձրակարգ ըմբիշ է, և եթե ինքը գտնվում է նորմալ կարգավիճակում, ապա կմասնակցի մրցաշարերին: Եթե վնասվածք ունի, որը խանգարում է, այդ դեպքում ոչ ոք իրավունք չունի ցանկացած անձի առողջության հետ խաղալու: Նա մեր հավաքականի լիարժեք անդամն է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Հավաքականի մարզիչն ընդգծեց՝ ամեն ինչ կախված է Միհրան Հարությունյանից. «Մնում է կազդուրվի և շարունակի մարզումները, ինչից հետո էլ կերևա՝ կկարողանա՞ մասնակցել առաջնություններին, թե ոչ»:
Ինչ վերաբերում է ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանին, ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասաց, որ Դավիթ Սաֆարյանը երկու ամիս է՝ սկսել է մարզումները։
«Բայց դեռ պարզ չէ՝ կմասնակցի՞ Եվրոպայի առաջնությանը, թե ոչ։ Նախ պետք է լիովին վերականգնվի: Տարվա ավարտին պարզ կլինի՝ նա կավարտի՞ մարզական կարիերան, թե ոչ», - լրագրողներին ասաց Ա. Բաղդադյանը։