19/06/2017 14:32
Ռայոլա. Դոնարումայի ընտանիքին սպառնացել են
Ջանլուիջի Դոնարումայի ընտանիքին սպառնացել են, հայտարարել է «Միլանի» 18-ամյա իտալացի դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան: Դոնարուման հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2018թ. ամռանը, փոխանցում է Championat.com-ը:
«Մենք ընդունել ենք որոշում և չենք ցանկանում շարունակել համագործակցությունը «Միլանի» հետ: Խնդիրը փողը չէ: Մեզ սպառնացել են: Դոնարումային ոչ միայն վախեցրել են խաղաժամանակ չտրամադրելով: Սպառնալիքներ է ստացել նրա ընտանիքը: Այժմ կա իրական վտանգ, որ նա հաջորդ մրցաշրջանում չի խաղա:
Դոնարուման չունի վերջնական համաձայնություն որևէ ակումբի հետ: «Յուվենտուսը», «Ռեալը» նրան առաջարկներ են արել դեռ այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր: Այժմ նրա արագ տեղափոխությունը տեղի չի ունենա: «Միլանի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելիի հետ ունեմ վատ հարաբերություններ: Մենք տարբեր մարդիկ ենք: Նրա վարքը նման է հետապնդման մեր դեմ: Իրավիճակից ելք չեմ տեսնում», - Ռայոլայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
«Միլանի» չինացի նախագահ Յոնհոն Լին հայտարարել էր, որ Դոնարուման չի վաճառվի և մինչև պայմանագրի ավարտը այլևս խաղադաշտ դուրս չի գա: