20/06/2017 16:38
«Գայանե» բալետի տապալման մեղավորները պատասխանատվության են ենթարկվել. Արմեն Ամիրյան
«Գայանե» բալետի տապալումը խայտառակություն էր ու սադրանք, որի մեղավորներն արդեն իսկ համապատասխան պատասխանատվության են ենթարկվել, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«750 հանդիսատես կար, որոնց մեծ մասն արտասահմանից էր: Գեղարվեստական ղեկավար և տնօրեն Օրբելյանն իր միջոցների հաշվին հրավիրել էր գործակալների, որոնք ներկայացումը պիտի դիտեին արտասահմանյան շրջագայման համար: Սա լուրջ տապալում էր», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ադմինիստրատիվ անձնակազմի 10 աշխատակից, այդ թվում 3 փոխտնօրեն, բացատրագրեր են գրել. «Փոխտնօրեններից մեկը՝ Նարեկ Անտոնյանը, աշխատանքից հեռացման դիմում էր գրել՝ մեղքն իր վրա վերցնելով: Նրանք, ովքեր նվագախմբի համար նախատեսված տեղում չէին եղել, խիստ նկատողություն ստացան և ընթացիկ հավելավճարներից զրկվեցին», - ընդգծեց Ա. Ամիրյանը:
Նրա խոսքով՝ բալետի համար խիստ կարգ ու կանոն է հաստատված և արդեն 2-րդ օրն է՝ ներկայացումը սկսվում է ամենաուշը ժամը 19:01-ին:
«Վստահ եմ, որ նման բան չի կրկնվի», - եզրափակեց նա: