20/06/2017 12:42
Օրհներգով պետք է գովերգել երկիրը, ոչ թե նվնվալ կամ կարեկցանքի բաներ ցույց տալ. Արտավազդ Բայաթյան
Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգն ի սկզբանե երկրաշարժից տուժածների համար էր գրված, որպեսզի աշխարհը համախմբվի, այլ ոչ թե օրհներգի, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի օրհներգի փոփոխության անհրաժեշտությանն՝ ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը։
«Ինձ թվում է՝ այդ երգի տրամադրությունը և երգի ստեղծման բուն նպատակը չի համապատասխանում օրհներգին։ Շատ գեղեցիկ երգ է, բայց դա օրհներգի համար չէ։ Ես այսպես եմ հասկանում՝ օրհներգը մեր երկրի գլխավոր աղոթքն է, հետևաբար պետք է հասկանանք, որ այն ազնվության և հավերժության կատեգորիա պետք է մեզ հուշի», - ասաց Արտավազդ Բայաթյանը։
Հիշեցնենք, որ օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրը միտք էր հայտնել, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ:
Արտավազդ Բայաթյանի խոսքով, սակայն, նաև օրհներգի միջոցով պետք է հասկանալ, որ «կանք, լինելու ենք, բացի դրանից ձգտում ենք դեպի լավը, դեպի ազնիվը, դեպի կատարյալը, լուսավորը»։ Երգահանի բնութագրմամբ՝ դրանք պարտադիր բաղադրիչներ են, որ պետք է լինեն օրհներգում։
«Այլ ոչ թե նվնվալ կամ կարեկցանքի բաներ ցույց տալ։ Օրհներգով պետք է գովերգենք մեր երկիրը՝ որպես Աստծո կողմից մեզ պարգևված տեղ», - ընդգծեց Ա. Բայաթյանը։