21/06/2017 17:44
Ադրբեջանում, իբրև թե, գերի ընկած անձի անունով ՀՀ քաղաքացի չկա ո'չ Դովեղ գյուղում, ո'չ զինված ուժերում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեսանյութում պատկերված անձը ՀՀ ԶՈւ զինծառայող չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի ՊՆ-ն տարածած տեղեկատվությամբ պնդում է, իբրև թե հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին գերեվարվել է «հայ զինծառայող»:
Որպես միակ ապացույց ներկայացվում է տղամարդու հարցաքննության տեսանյութը, որում նա ոչ վարժ հայերենով պատմում է, թե ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի բնակիչ է ու ՀՀ Զինված ուժերում ծառայում է որպես պայմանագրային: Նա ներկայանում է Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով:
Aysor.am-ի հետ զրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորիգինյանը, սակայն, նշեց` նման անունով անձ գյուղում չի բնակվում:
«Ավելին` ոչ մի այլ անունով անձ էլ չունենք, որ անհայտ կորած լինի հիմա», - ասաց Դովեղի գյուղապետը: