21/06/2017 12:52
«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին. «Խոստացված գոլերի փոխարեն տեսել ենք միայն ինքնագոլեր»
«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին, այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Որտե՞ղ է երաշխիքը, որ այս ծրագրում ներկայացված թվերը ուղղակի չեն մնալու թղթի վրա` ինչպես մնացել են նախորդ տարիներին հայտարարված թվերը», - ասաց Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով նախկինում խոստացված աշխատավարձերի բարձրացմանն ու տնտեսական աճին:
«Հարգելի խորհրդարան` շնորհավորում եմ մեզ: Պետական պարտքն արդեն հատել է 6 մլրդ-ի սահմանագիծը: Այսօր մենք ունենք 6,2 մլրդ դոլար պետական պարտք, որը խիստ ռիսկային է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառանալով ներդրումներին` պատգամավորը նշեց, որ դրանք Հայաստանում չեն արվում, քանի որ «ներդրողից ուզում են «ատկատ», ուզում են «փայ մտնել» ու կոռուպցիան ամենասարսափելին է»:
«Պարոն վարչապետ, երբ ներկաացնում էիք 1 տարի առաջ ձեր ծրագիրը, ես ձեզ հարց տվեցի` պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Ցավոք, կամ ձեր ձեռքերը չեն հասել կամ ձեզ ուղղակի թույլ չեն տալիս կտրել այդ ճյուղը: Ձեր ունեցած ժամանակը բավարար էր, այդ խնդիրները կանխելու համար: Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու: Գոլ չենք տեսել` տեսել ենք դեռևս ինքնագոլեր: Այսպիսով կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված ծրագրին: