21/06/2017 20:06
Սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, մանկատան սան է եղել. Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ սահմանը հատած քաղաքացին՝ Զավեն Կարապետյանը, եղել է Վանաձորի մանկատան սան, ապա գրանցել են ծերանոցում, որպեսզի անձը հաստատող փաստաթուղթ ունենա:
«Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ: Բնակության վայր, տուն ու հարազատներ չուներ, ապրում էր տարբեր կացարաններում ու ժամանակ առ ժամանակ հայտնվում-անհետանում էր: Վանաձորցի չէր», - ասաց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, թե հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին գերեվարվել է հայ զինծառայող: