21/06/2017 12:15
Ամրագրելով 5 տոկոս տնտեսական աճ՝ չի նշանակում, որ կանգ ենք առնելու այդ ցուցանիշի վրա. Վարդան Արամյան
Այսօրվա գնահատականով տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը, դրանք մանրամասը դրված են կառավարության ծրագրում», - ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե արդյոք 5 տոկոս աճը քիչ չէ, նախարարն ասաց.
«Կարծում եմ՝ ոչ: Պետք է ստարտային իրավիճակը ճիշտ գնահատել, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու: Հինգ տարվա ընթացքում միջինը 5 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, որ մենք ֆիքսելու ենք միայն 5 տոկոս տնտեսական աճը և դրա վրա կանգ առնելու»:
Դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, մինչդեռ հնարավոր չեղավ գերազանցել 3 տոկոսը, նախարարը նշեց.
«Մենք չպետք է մոռանանք, որ կան տենդենցներ, որոնք մեզ վրա ազդում են և դրանք անկանխատեսելի են, օրինակ, 2013-ին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ ՌԴ և ԵՄ բլոկի հետ որևէ քաղաքական հիմքի վրա կոնֆլիկտ կլինի, որը տնտեսական պատերազմի կվերածվի: Աշխարհում հնարավոր աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկեր մշտապես կան», - եզրափակեց խոսքը Վ. Արամյանը: