21/06/2017 16:18
Երևանում անցկացվել է Արմեն Մարությանի հիշատակին նվիրված ռուսական շաշկու միջազգային 1-ին հուշամրցաշարը
Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվել է հայկական շաշկու մեծ երախտավոր, վաստակաշատ մարզիչ Արմեն Մարությանի հիշատակին նվիրված ռուսական շաշկու կայծակնային խաղի միջազգային 1-ին հուշամրցաշարը:
ՀՀ լավագույն շաշկիստներից մեկը համարվող Մարությանը, որպես մարզիկ իր գործունեությունը ավարտելուց հետո հետագայում ԽՍՀՄ չեմպիոնի կոչմանն արժանացած գրոսմայստեր Լևոն Սայադյանի մարզիչը, ինչպես նաև շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահն է եղել: Սա մեծարումի և հարգանքի յուրատեսակ տուրք էր՝ նվիրված 1 տարի առաջ կյանքից վաղաժամ հեռացած հմուտ մասնագետի հիշատակին:
Միջագային հուշամրցաշարում հանդես են եկել 11 փորձառու շաշկիստներ, այդ թվում մեկ մասնակից Բելառուսից: Նրանցից հինգը սպորտի վարպետներ են, մնացած վեցը վարպետության թեկնածուներ:
Առաջին անգամ մասնակիցները խաղում էին ներկայումս միջազգային պրակտիկայում մեծ կիրառում ունեցող «թռչող» տարբերակով, երբ պարտիայի նախնական դիրքը կամայական ձևով որոշվում է համակարգչով:
Վաստակած 20 միավորով հուշամրցաշարի հաղթողը դարձավ արձակուրդը Հայաստանում անցկացնող փորձառու բելառուս շաշկիստ, սպորտի վարպետ Վիտալի Անիսկոն: Մինսկից ժամանած հյուրն ակտիվ հանգստի, Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հետ մեկտեղ հասցրեց նաև մասնակցել ու հաղթել միջազգային հուշամրցաշարում:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները 19 և 18 միավորով զբաղեցրեցին ՀՀ բազմակի չեմպիոններ՝ Նշան Ալավերդյանն ու Մարատ Ղուլյանը:
Հուշամրցաշարում հանդես եկան նաև վարպետության թեկնածուներ՝ շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, Հարություն Թագվորյանը, Ֆրունզ Գյուլնազարյանը, ՍամվելԱզիբեկյան, Գևորգ Սարգսյանը և Դավիթ Պողոսյանը: