23/06/2017 09:39
Ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում, այնպես էլ դատարանում պարզապես բարձիթողի վիճակ է. «Ժողովուրդ»
Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ 4 տասնյակ է:
Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխել համապատասխան ՔԿՀ կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել: Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական ակտերը պարզապես մնացել են օդից կախված, անկատար: Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝ այս ամենն անփութությա՞ն հետևանք է թե դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել:
Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում երեք դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, հենց նույն պահին: Ու հավանական է, որ քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ՀՔԾ-ի հետաքրքրվածությունը այս ամենի շարունակությունն է:
Չնայած, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանություններն ինքնակամ չեն գնացել այս քայլին, այլ՝ ԵՄ-ի ճնշման ներքո, քանի որ պարտավորվել են պայքարել կոռուպցիայի դեմ ու այդ նպատակով նաև լուրջ գումարներ են ակնկալում: Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել, որ ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում, այնպես էլ դատարանում պարզապես բարձիթողի վիճակ է, և այս ամենը դրա հետևանք է: Հետաքրքիր է, իրավիճակը շտկելու համար ինչ են անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: