23/06/2017 19:53
Մոուրինյոն մեզ տալիս է էմոցիաներ, մոտիվացիա, ես շատ բան եմ սովորել նրանից. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջն այս պահին թնդում է երկրպագուների հարցերից, նրան ոգևորող արտահայտություններից ու լուսանկարներից, սիրո խոստովանություններից ու խորհուրդներից:
Ավելի վաղ Մխիթարյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ֆեյսբուք սոցիալական ցանցով պատասխանել օգտատերերի հարցերին ու այժմ նրան ուղղվել է 1500-ից ավելի գրություն:
Մասնավորապես, երկրպագուներից մեկը ցանկացել է իմանալ, թե որտե՞ղ է ֆուտբոլիստն իրեն տեսնում 15 տարի հետո, ինչին Մխիթարյանը պատասխանել է, որ դեռ չի որոշել, թե ինչ է անելու իր կարիերան ֆուտբոլում ավարտելուց հետո:
«Առայժմ խաղում եմ», - գրել է նա:
Մեկ այլ օգտատեր խնդրել է Հենրիխին նկարագրել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և հետաքրքրվել, թե ինչպե՞ս է Զլատանի կողքին խաղալը:
«Ժոզեն հաղթող է: Նա մեծ ջանքեր է թափում յուրաքանչյուր խաղում՝ վստահ լինելով, որ մենք կցուցաբերենք 100 տոկոսանոց արդյունք: Ժոզեն մեզ տալիս է էմոցիաներ, մոտիվացիա: Ես շատ բան եմ սովորել Մոուրինյոյից և կշարունակեմ սովորել», -պատասխանել է Մխիթարյանը:
Պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ հարցին՝ Մխիթարյանը նշել է, որ մեծ բավականություն է ստանում խաղալով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ու հավելել. «Մենք կարծես մեծ ընտանիք լիեննք և ինչպես ընտանիքում, բավականություն ենք ստանում խաղալ միմյանց հետ»:
Նա նաև ամերիկացի երկրպագուներին խոստացել է, որ շուտով կայցելի ԱՄՆ: