23/06/2017 20:10
Առաջին հատվածում անդրադարձ է կատարվում քառօրյա պատերազմին և ներքին սոցիալ-քաղաքական պայքարին. Տիգրան Նալչաջյանը՝ «Գետնանցում» ներկայացման մասին
Երիտասարդ դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանն այս օրերին զբաղված է նոր՝ «Գետնանցում» ներկայացման բեմադրմամբ: Ներկայացման երկու հատվածներում տարբեր խնդիրներ են արծարծվում:
Aysor.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված «Գետնանցում» վերնագիրը, արդյոք անդրադարձ է կատարվելու երևանյան գարշահոտ գետնանցման թեմային, թե՞ ենթատեքստ ունի՝ հեղինակ-բեմադրիչը պատասխանեց.
«Իրականում, գործողությունները կատարվում են նմանատիպ գետնացումում, սակայն վերնագիրը ենթատեքստային է: Առաջին հատվածում անդրադարձ է կատարվում քառօրյա պատերազմին և ներքին սոցիալ-քաղաքական պայքարին, որտեղ ակտիվիստների խումբը պայքարում է առնետների դեմ, իսկ ահա ներկայացման երկրորդ հատվածը շատ ավելի ենթատեքստային բնույթ ունի, որն իր տեսակով մի քանի ժանրի համակցություն է. սոցիալական տրագիկոմեդիա` աբսուրդի թատրոնի հատկանիշներով: Այս հատվածում նույնպես կտեսնեք յուրաքանչյուր քաղաքացուն մտահոգող հարցերի բարձրաձայնում»:
Ըստ մեր զրուցակցի՝ ներկայացման գլխավոր յուրահատկությունն այն է, որ նրանում մասնակցում են պատանի դերասաններ. ընդգրկված են նաև երեխաներ, ովքեր խաղում են մեծահասակների համար: Նկատառմանը՝ ցանկացած ֆիլմ կամ ներկայացում հաճախ առավել հաջողված է դառնում հենց ճանաչված դերակատարների շնորհիվ, ռիսկային չէ՞ որպես դերասաններ ընտրել ուսանողներին՝ ընդգծեց.
«Ինքս սիրում եմ աշխատել երիտասարդ և անփորձ դերասանների հետ: Եվս մեկ շահագրգռող հանգամանք է այն, որ ներկայացմանը մասնակցող բոլոր դերակատարներն իրենց առաջին քայլերն արել են իմ գլխավորությամբ: Դա յուրահատուկ պատասխանատվություն է ինձ համար: Ինչ վերաբերում է ճանաչված կամ չճանաչված դերասաններին, ապա երկու դեպքում էլ կարող ես ունենալ ինչպես հաջողություն, այնպես էլ անհաջողություն: Խնդիրն առաջին հերթին թեմայի հետաքրքիր մատուցումն է, հետո նոր միայն կոմերցիոն գործոնն ու գովազդային արշավը»:
Բեմադրիչ-դերասանը չհերքեց՝ կոմերցիոն մտածողությամբ մեր ժամանակաշրջանում արվեստագետին հաճախ ոգեշնչում են բարձր եկամուտ ապահովող թեմաները:
«Ինձ մարդն է ոգեշնչում՝ իր ապրումներով, զգացմունքներով, կատարած քայլերով և դրանից բխող հետևանքներով: Իսկ առանձնահատուկ սիրում եմ ստեղծագործել երիտասարդ աղջկա, երիտասարդ կնոջ կյանքի դրամատիկ պատմություն կառուցելու շուրջ… Ընդհանրապես, հիմա գերիշխում է կոմերցիան, որում ոգեշնչողը արդեն դառնում է գումար աշխատելը: Ես սա քննադատությամբ չեմ ասում, նույնիսկ ավելին՝ դա վատ չէ: Վատն ու ցավալին այն է, որ մեր հանդիսատեսին չեն մատուցվում ժանրային բազմազանությամբ ֆիլմեր, ու նա արդեն ավելի շատ սովոր է կատակերգություններ դիտելուն: Օրինակ՝ ես շատ հավանեցի «Բրավո Վիրտուոզ» ֆիլմը, որը, ցավոք, այդքան էլ մեծ լսարան չհավաքեց: Այնինչ, կարող էր հակառակը լինել», - նկատեց նա:
Դերասանը ներկայումս նկարահանվում է «Խուլ հառաչանք» գեղարվեստական ֆիլմում, որի աշխատանքները շուտով ավարտին կմոտենան: Առաջիկայում պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր նկարահանած հերթական կինոնկարը:
««Խուլ հառաչանքում» մարմնավորում եմ մարտարվեստի երիտասարդ վարպետի կերպար, ով սրտի հետ կապված խնդրի պատճառով ստիպված է թողնել սպորտը: Ամբողջ ստեղծագործական կազմը երիտասարդներ են, ոմանց համար սա առաջին նախագիծն է: Առաջարկ ունեմ նաև նկարահանվելու 25 սերիանոց ֆիլմում, որի մասին առայժմ կլռեմ… Իսկ ահա իմ՝ «Արթնացիր» վերնագրով նոր գեղարվեստական ֆիլմը, որի հետ շատ մեծ հույսեր եմ կապում, գտնվում է նկարահանման փուլում: Ձմեռային տեսարանները նկարել ենք դեկտեմբեր և հունվար ամիսներին, իսկ հիմա զբաղված ենք ամառային հատվածի նկարահանումներով», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նրան ժամանակին հաճախ էինք հանդիպում նաև սերիալներում: Ներկայիս պասիվությունը պայմանավորված է առաջարկի բացակայությա՞մբ, թե սեփական դիրքորոշմամբ՝ պատասխանեց.
«Այս ընթացում միայն մեկ սերիալային առաջարկ եմ ունեցել, բայց մերժել եմ: Ես սերիալների դեմ ոչ մի խնդիր չունեմ: Եթե լինի առանցքային կերպար խաղալու առաջարկ, ապա կնկարահանվեմ: Սակայն այս տարին այնքան հագեցած էր, որ ուրախ եմ, որ առաջարկներ չեմ ստացել և զբաղվել եմ ու զբաղվում եմ իմ նախագծերի իրականացմամբ: Աշնանից արդեն ազատ կլինեմ և ուրախ կլինեմ ցանկացած առաջարկի և հնարավորության համար»:
Դերասանը հետևում է հատկապես մշակութային դաշտում տիրող բոլոր նորություններին՝ որպես ընթերցող ու որպես հանդիսատես առանձնացնելով լավագույնները:
«Վերջին ներկայացումը, որ դիտել եմ, Դրամատիկական թատրոնում բեմադրված «707»-ն էր: Շատ հավանեցի այդ ներկայացումը: Ինչ վերաբերում է վերջին շրջանում ինձ վրա ամենամեծ տպավորությունը գործած ֆիլմին, ապա դա ռեժիսոր Քեննեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» ֆիլմն է` Քեյսի Աֆլեքի փայլուն դերակատարմամբ: Իմ երազանքն է ապագայում այդպիսի ֆիլմ ստեղծելը, կամ, գոնե, այդպիսի ֆիլմում նկարահանվելը… Կարդալ էլ եմ շատ սիրում, վերջերս շատ եմ ընթերցում Դովլաթով, Բեգբեդեր, Ուելբեկ, Կերուակ, Փամուկ, Վիշնևսկի… Ուսումնասիրում եմ նաև մասնագիտական գրքեր և նյութեր», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասան-ռեժիսորը: