26/06/2017 10:55
2016-ին ՀՀ արտաքին կուտակային պարտքը կազմել է 910 մլն ԱՄՆ դոլար. Վարդան Արամյան
Ճշգրտված տվյալներով՝ 2016 թվականի պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ ԱՄՆ դոլար, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը նշեց, որ սա պայմանավորված է նաև փոխարժեքի արժեզրկմամբ:
«Փոխարժեքը շուրջ 17 տոկոս արժեզրկվել է, ինչը բերել է պարտքի աճի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա նախարարը նշեց, որ 2016-ին ՀՀ արտաքին կուտակային պարտքը կազմել է 910 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ ըստ նախարարի, եթե ՀՀ-ն արտաքին պարտք չվերցներ, ապա տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ կգրանցեր:
Վ. Արամյանը նշեց, որ եկամուտների մասով ԱԺ-ում նախապես հաստատված ծրագրով նախատեսված է եղել է 1 տրիլիոն 186 միլիարդ դրամ, ծախսերը կազմել են 1 տրիլիոն 377 միլիարդ: Արտաբյուջեային միջոցների եկամուտները հաստատվել են 36.1 միլիարդ, 30.5 միլիարդն է ծախսվել:
«Մենք ունեցել ենք ընդհանուր եկամուտների հավաքագրում 1 տրիլիոն 171 միլիարդի չափի, ծախսերը՝ 1 տրիլիոն 449. 1 միլիարդի չափի, դեֆիցիտը գերազանցվել է, պատճառը բացասական շոկերն են եղել», - հավելեց նա: