26/06/2017 12:13
Եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին, 2015-ին 3.2 տնտեսական աճից ցածր ցուցանիշ կգրանցեինք. Նախարար
Եթե ԵՏՄ-ին չանդամակցեինք, ապա 2015 թվականին 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ավելի ցածր աճ կգրանցեինք, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ, պատասխանելով ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հարցին, թե ի՞նչ ստացավ ԵՏՄ անդամակցությունց Հայաստանն, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«ԵՏՄ երկրների հետ համաձայնություն է ձեռք բերվել 752 ապրանքի կայուն մաքսատուրքերի մասին, որոնք առաջիկա 5 տարվա ընթացքում պիտի չաճեն: 752 տեսակի ապարանքը մեր արտահանման և ներմուծման 40-ից ավելի տոկոսն է կազմում: 2015 թվականի ճգնաժամը մի փոքր խախտեց պատկերը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ մենք անդամակցած չլինենք, 2015 թվականին շատ ավելի խորը խնդիր կունենայիք և 3.2 տնտեսական աճի փոխարեն 1-1.2 տոկոսային կետով ավելի ցածր տնտեսական աճ կունենայինք»,- մանրամասնեց նախարարը:
Վարդան Արամյանը նաև կարևորեց ազատ առևտրային համաձայնագրի առկայությունը, ապա համեմատականներ անցկացրեց ԵՄ և ԵՏՄ արտահանվող ապրանքների միջև:
«ԵՄ մենք արտահանում ենք հիմնականում հումքային ապրանքներ: Շուրջ 92 տոկոս պղինձ ԵՄ է արտահանվում, մնացածը պատրաստի ապրանքներ են, որտեղ ոչ առևտրային սահամնափակումները կարող են ազդեցություն ունենալ, իսկ ԵՏՄ երկրներում մենք 92 տոկոս պատրաստի արտադրանք ենք արտահանում: Համաշխարհային բանկի հետ համատեղ վերլուծությունների արդյունքում տեսանք, որ եթե ԵՏՄ ենք մտնում, մեր լրացուցիչ տնտեսական էֆֆեկտը լինում է 2.2 տոկոս, որից 1.4 տոկսային կետը գազի սակագնից է գալիս, որովհետև գազի 30 տոկոսը եթե չի կիրառվում, նշանակում է տարեկան շուրջ 140 մլն դոլար մենք երկրից դուրս չենք հանում, արտարժույթ դուրս չի հոսում», - ասաց նա: