27/06/2017 16:51
Նախագահը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման ուղղությամբ
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հրավիրած ԱԱԽ նիստում անդրադարձ է կատարվել նաև երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրներին:
Զեկույցով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաև հիշյալ հարցի համազեկուցողներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցները:
Քննարկման արդյունքում կառավարությանը հանձնարարվել է ապահովել Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներից բխող ՀՀ կառավարության 2017-2021 թթ. միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացման և բնակչությանը ժամանակակից որակի ծառայությունների մատուցման հարցերին:
Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հակակարկտային և բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբանության քննարկման և «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նաև գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ: