27/06/2017 16:40
Դա գերմանա-արցախյան պրոյեկտ է, ներկայացումը խաղում են մեկ գերմանացի և մեկ արցախցի միմ. Կանցկացվի Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը
Հուլիսի 22-26-ը Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը: Ծակաձորյան փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Մնջախաղի պետական թատրոնն ու Ծաղկաձորի քաղաքապետարանը:
Այս տարի, Հայաստանից բացի, փառատոնին մասնակցում են Արցախը, Գերմանիան, Չեխիան, Բանգլադեշը, Ֆրանսիան, Ռուսաստանի 3 քաղաք, Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Հայաստանից կմասնակցեն Երևանի Մնջախաղի պետական թատրոնը, նույն թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մնջախաղի կուրսի ուսանողներ և այլք:
«Ծաղկաձոր քաղաքում մենք ունենալու ենք հրաշալի թատերական մի հրավառություն: Ինչպես Ենգիբարյանն էր ասում, ես գրպանահատ եմ, հարուստ և երջանիկ մարդ եմ, բայց ափսոս, որ մարդիկ իրենց սիրտը գրպանում չեն պահում: Այս փառատոնը, կարծես, Ենգիբարյանի հենց այդ ցանկությունն է իրականացնում: Փորձելու ենք Հայաստան ժամանած զբոսաշրջիկների, փառատոնի մասնակիցների սրտերը գողանալ և պահել Հայաստանում, որպեսզի մեր հայրենիքն առավել ճանաչելի լինի դրսում», - այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Փառատոնի այս տարվա աջակից Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նկատեց՝ սա կայացած մշակութային միջոցառում է ու հպարտություն է ներշնչում ցանկացած քաղաքացու: Արարատբանկն ու Ժիրայր Դադասյանն արդեն իսկ պայմանավորվել են՝ համագործակցությունն այսքանով չի սահմանափակվելու, տվյալ ֆինանսական կառույցը շարունակելու է մնալ Մնջախաղի թատրոնի կողքին ու օժանդակել դրա աշխատանքներին:
Փառատոնի օրերին ցուցադրություններ կլինեն Ծաղակաձորի Ծաղկունյաց և Օրբելիների հրապարակներում, տեղի կունենան վարպետության բաց դասընթացներ: Երևանյան հանդիսատեսը ներկայացումները կարող է դիտել՝ օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք փառատոնի օրերին սահմանված ժամանակացույցով հանդիսատեսին կտեղափոխեն Երևան - Ծաղկաձոր- Երևան երթուղով:
«Այս տարվանից փառատոնը դարձավ ամենամյա, մինչ այս երկու տարին մեկ անգամ էինք կազմակերպում: Նախորդ տարի Արցախում մենք Մնջախաղի թատրոն հիմնեցինք, որի առաջին սաները այս տարի հետաքրքիր մի նախագծով կմասնակցեն փառատոնին: Ի դեպ, դա գերմանա-արցախյան պրոյեկտ է, ներկայացումը խաղում են մեկ գերմանացի և մեկ արցախցի միմ», - նշեց Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Վիճակգրություն է անցկացվել, ըստ որի, 2008 թվականից մինչ այսօր փառատոնի և՛ մասնակիցների, և՛ հանդիսատեսի թիվն ավելացել է, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:
Ի դեպ, բոլորովին վերջերս Մշակույթի նախարարությունը Մնջախաղի թատրոնին շենք հատկացրեց, որի ճարտարապետական աշխատանքները հանրապետության նախագահի ուղիղ հանձնարարականով արդեն իսկ ընթացքի մեջ են:
«209 միլիոն դրամ է ներդրվելը, որով ամբողջապես լուծվելու են թատրոնի վերանորոգման ու կահավորման հարցերը: Առավելագույնը մեկ տարուց կարող ենք նորամուտը տոնել», - հավելեց նախարարը:
Ժ. Դադասյանը նկատեց՝ սա կլինի անկախ Հայաստանի առաջին նախագծված թատրոնը: Վերջին անգամ նման բան եղել է մոտ կես դար առաջ:
Արմեն Ամիրյանը լրագրողների հետ հանդիպման վերջում գաղտնիք բացեց՝ առաջիկայում թատրոնի շենք կհատկացվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին: