28/06/2017 16:16
Հունիսի 30-ից Հայաստանում կբացվի «Ռիբոկ» սպորտային համալիրը. արժեքը կազմել է 23 միլիոն եվրո
Հունիսի 30-ից հաճախորդների առաջ դռները կբացի «Ռիբոկ» սպորտային համալիրը, որի շինարարությունը մեկնարկել էր 2015 թվականի հունվարին ու ավարտվել այս տարվա հունիսին։
Ծրագրի արժեքը կազմել է 23 միլիոն եվրո, որից 15 միլիոն եվրոն կառուցապատման աշխատանքների, 8 միլիոն եվրոն գույքի ու սարքավորումների ձեռքբերման գումարն է։
Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև ՀՀ կառավարությունը, որը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար հարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է։
«Ընկերությունն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում։ Առաջին անգամ, երբ որ մենք զրուցում էինք այն թիմի հետ, որը զբաղվում էր «Ռիբոկի» կառուցման հարցերով, մեզ տվեց հետաքրքիր առաջարկ, որ «Ռիբոկը» անհրաժեշտություն է Հայաստանում և անհրաժեշտ է ունենալ այսպիսի մի միջազգայհին բրենդի ներկայացուցչություն Հայաստանում», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ռիբոկի» պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Ակբարեսը։
Նա նշեց, որ մի քանի երկրներ են առաջարկել իրենց, որ «Ռիբոկը» այդ երկրներում էլ ներկայացուցչություն ունենա, սակայն Հայաստանում են իրենք տեսել այն պոտենցիալը, որը ցանկանում էին։
«Մենք, իրոք, ցնցված էինք՝ տեսնելով այսպիսի մեծ տեխնիկական անձնակազմի պատրաստակամությունը ու այն բոլոր ապարատուրաները, որոնք բերվել են Հայաստան», - նշեց նա։
«Ռիբոկի» հայաստանյան ակումբի տնօրեն Արմենուհի Գևորգյանի խոսքով՝ իրենց մոտ ամենաճկուն փաթեթներն են։
«Մեկամսյա, եռամսյա, վեցամսյա ու տարեկան փաթեթներ ունենք, ունենք առանձնացված լողավազան, մարզասրահներ՝ տարբեր տեսակի՝ տարբեր տարքիային խմբերի համար, մեր հաճախորդներին բավարարելու համար ամեն պայման ստեղծել ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Արմենուհի Գևորգյանի խոսքով՝ ամեն խավ կարող է իր համար փաթեթ գտնել «Ռիբոկ» ակումբում։ «Մոտավորապես ամսական գալիս է 30-ից մինչև 80 հազարի սահմաններում, պարզապես կարող է քանակական քիչ լինել կամ ինչ-որ մի ծառայություն չլինի մեջը», - հավելեց նա։