28/06/2017 15:08
Շուշիում ընթանում է Գոհար Աղա մզկիթի վերականգնման ծրագիրը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավարության և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում Շուշիում ընթանում է Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման ծրագիրը։
Շուշիի Գոհար Աղա մզկիթի վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, երբ IDeA հիմնադրամի դոնոր, գործարար Կայրատ Բորանբաևը Հայաստան և Արցախ կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում և այդ նպատակով խոշոր հանգանակություն է կատարել։
Մզկիթի վերականգման ծրագրում IDeA հիմնադրամը հանդես է գալիս որպես հարթակ Արցախի Հանրապետության կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի (Revival of Oriental Historical Heritage Foundation) և դոնորի միջև։
Ծրագրով նախատեսվում է հիմնովին վերականգնել մզկիթը՝ ապահովելով դրա նախնական տեսքը, բարեկարգել հարակից տարածքը և իրականացնել մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքի կապիտալ ամրակայման աշխատանքները՝ կառույցի հետագա փլուզումը կանխելու համար։ Ծրագիրը հնարավորություն կտա պահպանել պատմամշակութային հուշարձանը և այն ապագայում օգտագործել որպես մշակութային-զբոսաշրջային կենտրոն։ Արդեն իրականացվել են մզկիթի տարածքի երկրաբանական և գեոդեզիական ուսումնասիրությունները, կատարվել են հնագիտական պեղումներ, ավարտվել են նախագծային և նախահաշվային աշխատանքները։ Ներկայում այնտեղ ընթանում են բուն շինարարական աշխատանքները։
«Շուշին Արցախի յուրօրինակ վայրերից մեկն է, իսկ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի հարուստ պատմության և մշակույթի անքակտելի մասը։ Ուրախ ենք, որ մեր դոնորներից մեկը ցանկություն հայտնեց գումար նվիրաբերել այդ հուշարձանի վերականգնման համար։ Ծրագիրը թույլ կտա ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա», - ասել է IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը։
Քանի որ մզկիթն իրանական պատմամշակութային հուշարձան է, վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրավվել են իրանական Part Saman Jahan ճարտարապետական ընկերությունը և իրանցի մասնագետներ։
Ծրագրի գործընկերն է «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» Հայաստանի ազգային կոմիտեն՝ ICOMOS Հայաստանը, որը փորձաքննության է ենթարկել նախագծային աշխատանքների համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Մզկիթի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2018 թվականի աշնանը։