29/06/2017 20:44
Կիևին կտուգանեն «Եվրատեսիլում» Յուլյա Սամոյլովայի հետ կապված սկանդալի պատճառով
Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) Կիևին հայց է ներկայացրել առ այն, որ, որոշում ընդունելով ռուսաստանցի կատարող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելելու մասին, հանրապետության իշխանությունները «բավարար չափով չեն համագործակցել» «Եվրատեսիլի» կազմակերպիչների հետ: Այժմ դրա համար Կիևին կարող են տուգանել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Արդյունքում՝ ուշադրությունը բուն մրցույթից շեղվել է, իսկ «Եվրատեսիլի» հեղինակությունը դրվել է սպառնալիքի տակ», - ասված է «Եվրատեսիլի» կազմակերպիչների հայտարարության մեջ:
ԵՀՄ-ի կանոնակարգային կոմիտեն հանձնարարել է տուգանել Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությանը. տուգանքի չափը դեռ չի նշվում: Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ այն զգալի կլինի: