29/06/2017 18:18
Շատ երկար երգ է, չի կըրնա հիմն ըլալ. Մարթեն Յորգանցին բարկացնում են Հայաստանի հիմնի փոփոխության մասին խոսակցությունները
Ծանոթ չեմ Հայաստանի հիմնի փոփոխության մասին խոսակցություններին, բայց կասեմ, որ «Մեր հայրենիք» երգը շատ լավն է ու պետք չէ փոխել: Այսքան տարիների մեջ չի փոխված, թող մինչև վերջ էլ դա մնա: Կզարմանամ, որ ասանկ բան մը խոսվել է, Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հայաստանի հիմնի փոփոխությանը, ասաց այս օրերին Հայաստանում գտնվող ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը:
Շանսոնյեի առաջարկին անդրադառնալով՝ Մ. Յորգանցը փոքր-ինչ վրդովմունքով նկատեց.
«Ես համաձայն չեմ: Մեր երգը շատ լավն է, իրավունք չունինք փոխելու: Այն տարիներ ի վեր կա, երեխաներից մինչև 100 տարեկան մարդիկս այն գիտենք, ինչո՞ւ փոխենք: Ես ալ երգած եմ Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստանը», շատ երկար երգ է, չի կըրնա հիմն ըլալ: Դուք գիտեք, բայց ես համաձայն չեմ: Սա երկրաշարժին նվիրված երգ է և վերջ»:
Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիական «Le Club de Richard Findykian» ռադիոհաղորդաշարի ընթացքում հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել էր, թե իր՝ «Քեզ համար, Հայաստան» (’Pour toi Arménie’) ստեղծագործությունը կարող է դառնալ Անկախ Հայաստանի նոր օրհներգը:
«Իմ այս երգը, հնարավոր է, դառնա նոր հիմն, ահա, թե ես ինչ եմ ուզում: Նախագահ Սերժ Սարգսյանը և ոչ միայն նա, համաձայն են ինձ հետ», - ասել էր Ազնավուրը: