29/06/2017 09:43
Հայաստանի մարզերում կլինեն ջազ համերգներ, ընթերցանություն, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություն. մեկնարկում է «Ամերիկյան շրջագայությունը»
Հուլիսի սկզբից ԱՄՆ դեսպանատունը սկսում է երկշաբաթյա շրջագայություն՝ ի ցույց դնելու Հայաստանի ժողովրդի հետ մեր կապը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների տևական գործընկերության ու ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները, տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատանից։
Նշվում է, որ «Ամերիկյան շրջագայությունը» մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու անկեղծ բարեկամության 25-ամյա հոբելյանի առիթով տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների շարքում առանցքային ու առանձնահատուկ տեղ է գրավում:
Հունիսի 28-ին դեսպան Միլսը ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության և համերգի ընթացքում ազդարարեց այս տարվա «Ամերիկյան շրջագայության» մեկնարկի մասին:
«Արդեն երկրորդ անգամ է, որ ԱՄՆ դեսպանությունն իրականացնում է նման նախաձեռնություն: Առաջինը 2015թ. էր, հաճելի էր անցնել ողջ Հայաստանով ու կապեր հաստատել մարդկանց հետ, և մենք որոշեցինք, որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Հուլիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի բացօթյա համերգով մենք Երևանից կմեկնարկենք մեր երկշաբաթյա շրջագայությունը, որի ընթացքում նախատեսվում է 8 կանգառ: Հաջորդիվ կլինենք Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում», - ասել է դեսպան Միլսը:
«Ամերիկյան շրջագայության» առանցքային բաղադրիչներից մեկը մարզային քաղաքներում ներկայացվող բազմազան մշակութային ծրագիրն է՝ ջազ համերգներով, ամերիկյան ֆիլմերի ցուցադրմամբ, գրքերի ընթերցանությամբ: Հայաստանի պետական ջազ նվագախմբի և վերջինիս գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ գործակցության շնորհիվ մենք մեր բոլոր կանգառներում կներկայացնենք ջազի համերգային երեկոներ, ինչպես նաև վարպետության դասեր երաժշտությամբ հետաքրքրվողների համար: Որոշ համերգներում հանդես կգա նաև ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան ժամանած ամերիկացի շնորհաշատ ջազ երաժիշտ Մայքլ Մեյոն: Ֆիլմերի ցուցադրումները կկազմակերպվեն Մելիք Կարապետյանի և «Ֆորում թատրոն» ՀԿ-ի կողմից, և բոլոր յոթ կանգառներում կներկայացվեն 2017թ. ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-փառատոնում ներկայացված լավագույն ու ամենասիրված գեղարվեստական ֆիլմերից: Երբ այս տարի ավելի վաղ՝ փառատոնի օրերին դրանք ցուցադրվում էին Երևանում, դահլիճները լեփ լեցուն էին:
Շրջագայության ընթացքում մենք նաև կդիտարկենք ծրագրերն ու աշխատանքները, որ 1992թ. ի վեր իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի, Խաղաղության կորպուսի և ԱՄՆ դեսպանության կողմից, կհանդիպենք մարդկանց, ովքեր գործակցել են մեզ հետ: «Մենք կնշենք նրանց ձեռքբերումները, այն իրական դրական տեղաշարժերը, որ տեղ են գտել են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների կյանքում, այն առաջխաղացումը, որ արձանագրվել է բարեկեցիկ ու ժողովրդավար Հայաստան կերտելու մեր ընդհանուր նպատակի կենսագործման ճանապարհին: Մենք նշում ենք այդ ամենը՝ հետադարձ հայացք նետելով մեր 25-ամյա հաջողված գործընկերությանը, բայց մեր հայացքն ուղղված է դեպի ապագա: Մեր համագործակցությունն ու անկեղծ բարեկամությունն ամուր է ու անշեղ: Մեր շրջագայությամբ մենք ուզում ենք ի ցույց դնել մեր գործընկերությունը, այն կապերը, որ կան մեր մեջ ու միավորում են մեզ», - ընդգծեց դեսպան Միլսը:
Ջազ համերգներին, ֆիլմերի ցուցադրումներին և «Ամերիկյան շրջագայության» ընթացքում կազմակերպվող մյուս միջոցառումներին հանրության մուտքն ազատ է: «Ամերիկյան շրջագայության» միջոցառումների ամբողջական ծրագրին ու ամենօրյա զարգացումներին ծանոթանալու համար ԱՄՆ դեսպանատնից հորդորում են հետևել իրենց ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին: