30/06/2017 10:42
Պատկերել ենք մերօրյա Երևանը՝ իր գույներով և դինամիկայով. Կայացել է «Երևան. Ճեպանկարների գիրքը» պատկերագրքի շնորհանդեսը. Լուսանկարներ
Հունիսի 29-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի պատկերասրահներից մեկում տեղի ունեցավ «Երևան. Ճեպանկարների գիրքը» պատկերագրքի շնորհանդեսը։
«Գիրքն ունի 8 բաժին՝ ճարտարապետություն, արվեստ, առևտուր, հանգիստ, գիշերային, պատմական Երևան և այլն։ Փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ պատկերել մերօրյա Երևանը՝ իր գույներով, քաոտիկ վիճակով, դինամիկայով և այլն», - Aysor.am թղթակցի հետ զրույցում նշեց պատկերագրքի նկարիչ Զաքար Դեմիրճյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե այս պատկերագիրքը ստեղծվել է զբոսաշրջիկների համար՝ որպես Երևանի մասին պատմող և նրանց ուշադրությունը գրավող նյութ, սակայն հետո հասկացել են, որ առաջնահերթ պատասխանատու են հենց երևանցիների առջև․ «Միգուցե նրանք էլ չեն տեսել կամ այլ անկյան տակ են տեսել Երևանը, և սա հնարավորություն է տեսել նորովի քաղաքը»:
Նշենք, որ այն լույս է տեսել հայերեն և անգլերեն: Տեքստերի հեղինակն է երգահան և դրամատուրգ Քրիստ Մանարյանը, խմբագիրը` Հայկ Համբարձումյանը, իսկ նկարիչները՝ Զաքար Դեմիրճյանը և Արարատ Մինասյանը։
Բացի գրքից, նաև ստեղծվել են «Երազ» մակնիշնի հնաոճ ավտոմեքենան կամ հայտնի «Կուկուրուզնիկ» շենքը պատկերող վերնաշապիկներ և նոթատետրեր։
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը, ով ինքն է առաջարկել նման պատկերագիրք ստեղծել, ասաց, որ միտքն առաջացել է իր շրջագայությունների ընթացքում․ Եվրոպայի մի շարք հայտնի քաղաքներում՝ Պրահայում, Փարիզում, Լոնդոնում նման ձևաչափով գրքերը շատ լայն տարածում ունեն։
«Այս գիրքը սքեթչբուք է (էսքիզներ պարունակող գիրք կամ նկարչական ալբոմ – հեղ), քանի որ այն թույլ է տալիս գործի դնել երևակայությունը և ավելի պատկերավոր ընկալել քաղաքը։ Գրքի ամենակարևոր հատվածը հին Երևանը պատկերող նկարներն են, քանի որ այն միայն զբոսաշրջիկի համար չէ, այն երևանցիների մոտ հիշողություններ արթնացնելու համար է նաև», - հավելեց Է․ Մկրտչյան։