30/06/2017 14:27
Համաշխարհային աստղերը համեստ են և պարզ. Հովհաննես Բաբախանյանն՝ Էրիկ Ռոբերթսի հետ համագործակցության և Հայաստան վերադառնալու մասին. Լուսանկարներ
Ամերիկայի Միացյալ նահանգները, հատկապես, վերջին տարիներին հարստացավ հայ մտավորականներով: Արդեն գրեթե 7 տարի Լոս Անջելեսում է ապրում ու ստեղծագործում նաև Բաբախանյանների ու Մսրյանների ընտանիքը. ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Բաբախանյանն այն արվեստագետներից է, ով ոչ թե նախընտրեց համալրել այնտեղի հայկական կինոշուկան, այլ՝ հոլիվուդյան կինոաշխարհը: Այս օրերին էլ դերասանը նկարահանվում է «Fake News» (Կեղծ տեղեկատվություն) գեղարվեստական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են Էրիկ Ռոբերթսը, Մարտին Քովեն, Ջոն Բերիմորին, Դեվիդ Նովակը, Սոֆիա Միլոսը, Ջոն Վուդվորդը, Թոնի Նաշը և այլք…
«Շատերի հետ եմ համագործակցում ու պետք է նկատեմ, որ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը համեստ են, պարզ ու բնական… Լեզվի իմացության հետ կապված խնդիրներ այլևս չունենք: Մեր ամբողջ ընտանիքը ներկայում պատրաստվում է իմ՝ «Պատգամ» մենաներկայացմանը, որը տեղի կունենա ծննդյանս օրը՝ հուլիսի 1-ին: Պիեսը գրվել է Կարեն Խաչատրյանի (Խաչկար. հայ գրող, գիտնական, քաղաքական գործիչ՝ հեղ.) հրապարակագրությունների հիման վրա: Բեմադրել է Մարի Մսրյանը: Նվիրված է Հայոց ցեղասպանությանը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հ. Բաբախանյանը:
Դերասանի խոսքով՝ ներկայացումից հետո տեղի կունենա համերգային ծրագիր, որի ընթացքում ամերիկացի երգիչները հայերեն երգերով կշնորհավորեն հոբելյարին: Միջոցառմանը հրավիրված են լինելու նաև հոլիվուդյան կինո և հեռուստաաստղերը:
Հարցին՝ ի՞նչը տարավ Հայաստանի վաստակավոր արտիստին Խաղաղ օվկիանոսի ափեր, չի կարոտում արդյոք ծննդավայրն ու հարազատ Դրամատիկական թատրոնը, ունի՞ այստեղ հարազատներ ու ե՞րբ է պատրաստվում հերթական այցելությանը, խոստովանեց.
«Մեր ընտանիքին ԱՄՆ բերեց «Հոլիվուդ»-յան ցանկությունը: Բայց հաճախ ենք լինում Հայաստանում, այդտեղ հարազատներ, ընկերներ ու գործընկերներ ունենք, որոնց կարոտում ու նրանց հետ շփումը միշտ պահում ենք: Հայաստան այցելելու կոնկրետ պայմանավորվածություն, ծրագիր դեռևս չունեմ: Շատ եմ կարոտում, բայց քանի որ այստեղ էլ իմ գործով եմ զբաղվում, կարոտս մասամբ մեղմվում է»:
Հովհաննես Բաբախանյանի և Մարի Մսրյանի դուստրերը՝ Լիան և Էլլան, այս տարի ավարտեցին Վուդբերի համալսարանը, մասնագիտությամբ հոգեբաններ են: Որդին՝ Գոռը, ավարտեց դպրոցն ու ընդունվեց Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի (ՀԿՀ-USC) «Կինոյի և թատրոնի դերասան» բաժինը:
Բաբախանյան դուստրեից մեկն արդեն ընտրյալ ունի, ում հետ պատրաստվում է կյանքը կապել: Դիտարկմանը՝ ինչպե՞ս կընդունեն ծնողները, եթե զավակները ազգությամբ ոչ հայ կողակիցներ ընտրեն, Հ. Բաբախանյանը նկատեց.
«Նախ ասեմ, որ դստրիկիս ընտրյալը ազգությամբ հայ է: Ես ավելի շատ ուրախանում եմ այն հանգամանքից, որ տեսնում եմ՝ իրենք են կարևորում իրենց ընտրյալների ազգային պատկանելությունը, հայ լինելը»:
Չնայած հեռավորությանը՝ ՀՀ վաստակավոր արտիստը շարունակում է հետամուտ լինել հայաստանյան և՛ քաղաքական, և՛ մշակութային իրադարձություններին: Նա նկատեց, որ այժմ նույնիսկ ավելի շատ է հետևում, քան` այն ժամանակ, երբ Հայաստանում էր: