01/07/2017 12:50
Արցախում հուլիսի 19-ից 29-ը նախագահական ընտրություններ են. Կուսակցությունները քննարկում են թեկնածուների հարցը
Հուլիսի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովի կողմից: Ոչ թե 5, այլ` 3 տարի ժամկետով: ԱՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց` ի՞նչ ընտրություններ են սրանք և ո՞վքեր են լինելու թեկնածուները:
Ինչու՞ է Արցախի նախագահին ընտրելու Ազգային ժողովը ոչ թե քաղաքացիները
«Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար սահմանվել է որպես անցումային ժամանակաշրջան: Սահմանադրական հանրաքվեից հետո հնարավոր չէ միանգամից կտրուկ անցում կատարել նոր Սահմանադրության, քանի որ պետությունում մեծ փոփոխություններ պետք է կատարվեին` համապատասխանեցվեր օրենսդրական դաշտը, փոփոխվեին հազարավոր օրենքներ: Այդ պատճառով որոշվել է սահմանել 3 տարվա ժամկետ` անցումային շրջան, որի ընթացքում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ:
Գործող նախագահ Բակո Սահակյանի լիազորություններն ավարտվում են 2017թ. սեպտեմբերի 7-ին, մինչ այդ, ինչպես նշեցի, հնարավոր չէր լիովին անցնել նոր Սահմանադրության և միաժամանակ խորհրդարանական ու նախագահական համաժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Այդ պատճառով որոշվել է, որ ացումային ժամանակահատվածի` 3 տարվա համար, Ազգային ժողովի կողմից կընտրվի նախագահ, որը կստանձնի իր պարտավորությունները` գործող նախագահի լիազորությունների ավարտից՝ 2017թ. սեպտեմբերի 7-ից հետո: Նման նախադեպ ունեցել ենք նաև 1995թ.-ին: Անցումային փուլի ավարտից հետո` 2020թ.-ին, արդեն կկազմակերպվեն խորհրդարանի և նախագահի համաժողովրդական ընտրություններ», - ասաց Դավիթ Բաբայանը:
Ո՞վքեր են այս ընտրության թեկնածուները
«Այս ընտրությունում թեկնածուներին պետք է առաջադրեն քաղաքական կուսակցությունները: Ընտրությունը կարգավորվելու է Սահմանադրության մեջ ամրագրված անցումային դրույթներով», - ասաց նախագահի մամուլի խոսնակը:
Ըստ դրանց`
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնում է Սահմանադրությանը:
Գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:
Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի, իսկ հանրապետության նախագահի արտահերթ ընտրության դեպքում` ընտրվելու օրվան հաջորդող տասներորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ»:
Թեկնածու առաջադրելու հարցում կողմնորոշվե՞լ են արցախյան կուսակցությունները
Aysor.am-ը զրուցեց նաև խորհրդարանական խմբակցություններ ունեցող արցախյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանական ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը նշեց, որ իրենց կուսակցությունը` «Ազգային վերածնունդ»-ը, հունիսին ունեցել է կուսակցության գործադիր մարմնի նիստ, որում քննարկվել է այս հարցը ևս:
«Այնուամենայնիվ, դեռ չենք որոշել թեկնածու առաջարկելու ենք, թե` պաշտպանելու ենք որևէ մեկի թեկնածությունը: Չենք բացառում, որ կպաշտպանենք այլընտրանքային թեկնածուի, բայց ակնհայտ է, որ Բակո Սահակյանի թեկնածությունը չենք պաշտպանելու», - ասաց Հայկ Խանումյանը:
Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ևս դեռ քննարկում են թեկնածուի հարցը: Նշենք, որ «Հայրենիք» խմբակցությունը ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարն Արցախի ներկայիս վարչապետ Արայիկ Հարությունյանն է:
Հարցը քննարկվում է նաև խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցությունում: Aysor.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշեց, որ հենց այսօր տեղի է ունենում Ժողովրդավարական կուսակցության համագումար, որում էլ որոշում կկայացվի:
Նշենք, որ Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը, ներկայիս Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն է:
Հայ հեղափոխական դաշնակություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ևս նշեց.
«Առաջիկա շաբաթվա ընթացքում քննարկումների արդյունքում արդեն պարզ կլինի` առաջադրելու՞ ենք սեփական թեկնածու, թե՞ սատարելու ենք որևէ մեկին»:
Արցախի խորհրդարանական հինգերորդ ուժի` «Շարժում-88»-ի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Կարո՞ղ է գործող նախագահ Բակո Սահակյանն առաջադրվել որպես նախագահի թեկնածու
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի համար սա պաշտոնավարման երկրորդ ժամկետն էր: Սահմանադրության նախորդ տարբերակի համաձայն` «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»:
Իսկ նոր Սահմանադրությունը սահմանում է`
«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում»:
Այնուամենայնիվ, հստակեցված չէ` այս դրույթները գործու՞մ են անցումային ժամանակաշրջանի համար, թե՞ ոչ: