03/07/2017 17:25
Զարիկ մայրիկ. «Ամեն հաղթանակի հետ հաղթող եմ դառնում». ուղիղ 25 տարի է՝ Դուշման Վարդանը մեզ հետ չէ (Տեսանյութ)
Ասում են՝ անկախ նրանից՝ ֆիզիկապես կաս, երկրային կյանքում գոյություն ունես, թե ոչ, միևնույն է, ապրում ես այնքան ժամանակ, որքան ժամանակ քեզ հիշում են: Ու երևի հենց դա է պատճառը, որ հերոսներն անմահ են, անմահ իրենց արած ու միշտ հիշվող գործով, սխրանքով ու նվիրումով…
Ցավոք, 90-ականները ֆիզիկապես բացակա, բայց մեր կողքին ապրող, զինվորին խրախուսող, օրինակ ծառայող հերոսներ շատ տվեցին. հենց միայն Դուշման Վարդանի, Մոնթեի, Բեկորի, Մովսես Գորգիսյանի, Շահեն Մեղրյանի և 90-ականներին սեփական կյանքը չխնայած շատ ու շատ նվիրյալ հայորդիների անձնուրացությունն ու հանուն հայրենիքի կյանքը չխնայելու պատրաստակամությունը բավական էին, որ անկախ զանազան դժվարություններից ու հիասթափություններից՝ այսօր էլ նոր հերոսներ ծնվեին՝ Ուրֆանյանը, Քյարամը, Սասուն Մկրտչյանն ու Ալեքսան Առաքելյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Ադամ Սահակյանը...
Ուղիղ քառորդ դար առաջ՝ 1992 թվականի այս օրը, հերթական մարտական առաջադրանքն իրականացնելու ժամանակ Մյուրիշենում զոհվեց դեռևս 26-ը նոր բոլորած Վարդան Ստեփանյանը՝ Դուշմանը…
Հայաստանի և Արցախի հերոսի տունն այսօր ամենահյուրընկալներից է, այնտեղ Վարդանին կապող բազում հուշեր կան, որոնք մասունքների պես խնամում, փայփայում ու այցելուներին է ներկայացնում հերոսի հերոս մայրը՝ Զարիկ մայրիկը:
Տան դարպասների մոտ հենց նրան էլ հանդիպեցիք ու քայլերն ակամա տարան դեպի Վարդանի թանգարան, որտեղ Դուշմանի նկարներն էին, նրա ու նրա ընկերների մասին գրքերը, և ոչ միայն…
«Այստեղ նաև հերոսներին նվիրված կինոդիտումներ, քննարկումներ են լինում: Դասախոսություններ են անցկացվում: Մեր հողը սնվեց մեր ազգասեր որդիների արյունով: Արդեն 25 տարի է՝ Վարդանի գործը շարունակում եմ, քանի որ Վարդան ծնող մայր եմ: Յուրաքանչյուր հայ մայր պարտավոր է դեռ արգանդում գտնվող իր զավակի մեջ հայրենասիրություն սերմանել ու դաստիարակել: Մեր երեխան պետք է մարդասեր լինի: Ո՛չ պատերազմող, ո՛չ մարդասպան, բայց ազգին պաշտպանող, ազգն ուժեղացնող ու տունը շենացնող», - նշեց Aysor.am-ին հյուրընկալած Զարիկ մայրիկը:
«Բնական է, որ մենք պետք է հաղթանակներ ունենայինք, չէ՞ որ մենք ոչ թե զավթողական, այլ ազատագրական պատերազմ ենք վարել», - ընդգծեց հերոսի մայրն ու շարունակեց.
«Ապրիլյան պատերազմում մեր որդիների որդիներն ապացուցեցին, որ 90-ականների տղաների արժանի հետնորդներն են ու թույլ չեն տա, որ նրանց ազատագրած հողը նորից տնքա թշնամու ոտքերի տակ: Ապացուցել ենք՝ մենք ուժեղ ազգ ենք, ու որքան մեր պետությունն ուժեղացնենք, այնքան մեր թշնամիները կվախենան»:
Արցախյան պատերազմի հերոսի մայրն այսօր անթաքույց հպարտությամբ խոնարհվում է ապրիլյան հերոսների մայրերի առջև, ովքեր հաճախ են հյուրընկալվում իրեն: Ուրախանում է, երբ այդ մայրերն իրենց մեջ ուժ են գտնում ու նոր որդի ծնում:
«Ասել եմ ու կասեմ՝ եթե Վարդանից հետո ես նորից մայրանայի, ապա նորից երեխաներ կունենայի հողի ազատագրման համար… Ամեն մի զոհվողի հետ որդի եմ կորցնում, ամեն հաղթանակի հետ՝ հաղթող դառնում: Եռաբլուրը մի հաղթող զորամաս է, որտեղ մեր որդիներն են: Ինքս ուզում էի վերջինը լինել, ով որդի է կորցրել: Ցավոք՝ այդպես չեղավ… Ապրիլյան հերոսների ծնողները հաճախ են այստեղ լինում. բոլորս միասին գիտակցում ենք՝ երբ միասին ենք, հաղթանակի ցավը տանելի է դառնում», - սրբելով արցունքոտ աչքերը՝ խոստովանեց նա:
Զարիկ մայրիկը նկատում է՝ կորուստը ցավ է, բայց այդ ցավի մեջ կա սփոփանք, որ պաշտպանում ես քո հայրենիքը, քո մորը, քրոջը, հարազատին: Շատ բան չէր ուզում, որդին գոնե մեկ զավակ ունենար, ումով կսփոփվեր:
«Զգում էի՝ կորցնում եմ նրան, ու մի օր ասացի՝ այդքան աղջիկ քեզ սիրահարված է, չկա՞ մեկը «վզովդ» փաթաթվի ու մի երեխա ունենաս… Ինձ պատուհանի մոտ տարավ, ցույց տվեց բակի երեխաներին ու ասաց՝ ուրիշի երեխաներ չկան, բոլորն էլ մեր երեխաներն են: Այո, որդիս խելացի էր, բոլորն էլ իմն են ու իմ կողքին են ցանկացած պահի», - հավատացրեց հերոսի մայրը:
Դուշմանի քույրը` Արմինեն, մանկավարժ է, դասավանդում է Գարեգին Նժդեհի դպրոցում, կրտսեր եղբայրը, ով Վարդանից փոքր է 7 տարով, զինվորական է, փոխգնդապետ: Զարիկ մայրիկը համոզված է՝ իր երեխաները ծնվել են այս հողին օգտակար լինելու համար:
Մայրն այսօր շատ-շատ Վարդաններ ունի թե իր փոքրիկ ընտանիքում, թե մեծ՝ հայրենիքում: Հաճախ են նրան այցելում նորածիններին գրկած երիտասարդ ամուսիններ ու տեղեկացնում՝ իրենց գրկի Վարդանը հենց Դուշման Վարդանի անունն է կրում:
«Աղջկաս տղան՝ Վարդանը, ծառայությունից վերադարձել է: Տղաս էլ պատրաստվում է իր Վարդանին ծառայության ուղարկել, որոշել է՝ անպայման պետք է Ղարաբաղում ծառայի: Ես շատ Վարդաններ ունեմ, ովքեր, վստահ եմ, իմ Վարդանի պես ՄԱՐԴ են դառնալու», -արցունքների միջից ժպտալով հավատացրեց նա…
Շարունակելի...