04/07/2017 13:35
Ադրբեջանը որևէ քայլով ցույց չի տվել, որ պատրաստ է բանակցությունների առաջընթացի. Էդուարդ Շարմազանով
Համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր, լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և, ի վերջո, իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ մինչ այս պահը, Ադրբեջանը ցույց չի տվել որևէ քայլով, որ պատրաստ է բանակցությունների առաջընթացի:
Խոսելով ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչինչ չի խանգարում ասոցացման պայմանագրի ստորագրմանը:
«Հայաստանը ԵՏՄ մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը դեպի ԵՄ, և դա ասվել է նաև նախագահ Սարգսյանի կողմից նախագահ Պուտինի ներկայությամբ», - ասաց Է. Շարմազանովն՝ ընդգծելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո եվրոպացի գործընկերները հայտարարեցին, որ իրենք ոչ թե վերջակետ, այլ ստորակետ են դնում ՀՀ-ի հետ հարաբերություններում:
«Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր և չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի», - ասաց Շարմազանովը: