04/07/2017 11:26
Երեք աղջիկները ոգեշնչել են մայրիկին հայկական նոր մանկական ժողովածուներ ստեղծել (Լուսանկարներ)
«Անունս Նաիրա Խաչատրյան է: Ծնվել և մեծացել եմ Երևանում: Ունեմ 3 մասնագիտություն և 3 դուստր, որոնք կյանքիս ամենամեծ երջանկությունն են», - այսպես է մեզ հետ զրույցը սկսում մանկական խաղերի, հեքիաթների ու բանաստեղծությունների «Փաթիլներ» և «Թիթեռնիկ» երկու ժողովածուների հեղինակ Նաիրա Խաչատրյանը:
Նա խոստովանում է` 3 մասնագիտություններից ոչ մեկը մանկագրության հետ կապ չունի, սակայն մանկական գրքի հեղինակ է դարձել իր աղջիկների ոգեշնչմամբ, ովքեր էլ ստեղծագործությունների առաջին ունկնդիրներն են:
«Իրենք են ինձ ոգեշնչում: Երեխաներիս համար բանաստեղծություններ ու հեքիաթներ կարդալուց բացի, նաև հաճախ հնարում էի դրանք ու քիչ-քիչ միտք առաջացավ այդ ամենը գրի առնել, քանի որ նաև երբեմն խնդրում էին կրկնել պատմած հեքիաթը, իսկ ես այն մոռանում էի», - ժպտալով նշում է Նաիրա Խաչատրյանը:
Նրա խոսքով` գրի առնելուց հետո բանաստեղծությունները, խաղերն ու հեքիաթները ցույց է տվել իր գրող ընկերներին, ինչպես նաև ամեն օր երեխաների հետ շփվող դաստիարակներին, ովքեր էլ խորհուրդ են տվել տպագրել դրանք, վստահեցնելով` երեխաներին դուր կգա:
«Հետո առաջացավ գրքի նկարազարդման հարցը: Շատ լավ ընկեր ունեմ, ով ասաց` ինչու՞ չես ցանկանում, որ նկարազարդումներն անեն հենց երեխաները: Իմ երեխաներն էլ այդ ժամանակ սովորում էին «Art baby» մանկապատենական զարգացման կենտրոնում` հաճախում էին նկարչության դասերի, ու այդպես էլ որոշվեց, որ հենց երեխաները նկարեն իմ գրքերի իլյուստրացիաները», - ասում է Նաիրա Խաչատրյանը:
Արդյունքում նկարչության ժամանակ երեխաներին կարդում էին Նաիրայի բանաստեղծությունները, նրանք էլ նկարում էին այն` ինչ պատկերացնում էին բանաստեղծությունը լսելիս:
«Շատ գեղեցիկ պատկերազարդում ստացվեց: Շատ բարի ու ջերմ` ինչպե՞ս պետք է նկարեն երեխաները»,- ասում է Նաիրան:
Բանաստեղծությունների, հեքիաթների թեմատիկան, ըստ հեղինակի, տարբեր է:
«Օրինակ՝ մի փղի նկար էինք տեսնում ու աղջիկս ասում էր` փղի մասին բանաստեղծություն ասա, ես էլ հնարում էի ու հետո գրի առնում այն: Այս առումով շատ հետաքրքիր է միջնեկ աղջկաս երևակայությունը, միշտ ինչ-որ տարօրինակ թեմաներով է խնդրում հեքիաթներ հորինել: Օրինակ` թոռոմած վարդի ու ճմռթված շապիկի մասին հեքիաթներ ունենք», - ծիծաղում է մանկական գրքի հեղինակը:
Գիրքը լույս է տեսել այս տարվա հունիսի 1-ին: Ամռան ամիսներին այն ներկայացվել է փառատոններում և գրադարաններում:
Այսօր «Փաթիլներ» ու «Թիթեռնիկ» ժողովածուները կարելի է գնել Երևանի գրեթե բոլոր գրախանութներում: