04/07/2017 19:34
Մի խումբ կա, որ սպորտով զբաղվում է ուժեղանալու ու դրսում լավ խուլիգան դառնալու համար. Սիմոն Մարտիրոսյան
2016 թվականի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումների արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը վերջերս Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում գրանցեց իր կարիերայի լավագույն արդյունքները: Հայ դյուցազունը, պարզապես, մրցակցությունից դուրս էր գերծանր քաշային կարգում և պատահական չէ, որ նվաճեց խաղարկված բոլոր երեք ոսկե մեդալները: Էջմիածնեցին պոկում վարժությունն ավարտեց 191, իսկ հրումը՝ 235 կգ արդյունքով ու երկամարտի ցուցանիշը հասցրեց 426 կգ-ի: Չնայած հրում մրցաձևի վերջին մոտեցման ժամանակ նրան չհաջողվեց գլխավերևում պահել 246 կգ կշռող ծանրաձողն ու 1 կիլոգրամով գերազանցել երիտասարդների աշխարհի ռեկորդը, բայց դա չխանգարեց, որպեսզի ճանաչվի առաջնության լավագույն մարզիկը:
Aysor.am-ի հետ զրույցում աշխարհի չեմպիոնը կիսվել է ոչ միայն մարզական գաղտնիքների, այլև՝ նախասիրությունների ու անձնական կյանքի մասին:
- Սիմոն, Եվրոպայի առաջնությանը հաջորդած 3 ամսում 7 կիլոգրամով բարելավեցիք պոկում և 5 կիլոգրամով՝ հրում վարժության ձեր արդյունքները: Ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում վերականգնվել և նման առաջընթաց գրանցել:
- Ուղղակի ժամանակն է ցույց տալիս, որ դու լավ ես մարզվել ու գլուխ չես պահել:
- Որքա՞ն ժամանակում եք պատրաստվել այս առաջնությանը:
- Այն օրվանից, երբ առաջին անգամ մտա մարզադահլիճ՝ 13 տարեկանից (ծիծաղում է. հեղ.)…
- Հրում վարժության վերջին մոտեցմանը փորձեցիք, բայց չկարողացաք գերազանցել երիտասարդների աշխարհի ռեկորդը: Ի՞նչն էր պատճառը:
- Պատճառը մի քիչ շտապելն էր:
- Ի դեպ, պոկում վարժության ձեր լավագույն արդյունքը դեռ 9 կիլոգրամով ցածր է երիտասարդների աշխարհի ռեկորդից: Հնարավո՞ր է նոյեմբերին կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում բեկում գրանցեք նաև այդ մրցաձևում:
- Իհարկե հնարավոր է, և ես բավականին մոտ եմ դրան: Մարզումների ժամանակ ես այդ վարժությունից 200 կգ-ին մոտենալու փորձ եմ կատարել:
- Ասում են, որ ժամանակակից ծանրամարտում անհնար է հաջողության հասնել առանց դոպինգի…
- Ես կարծում եմ, որ դա սխալ կարծիք է: Ինքս իմ փորձով ցույց եմ տվել, որ հնարավոր է առանց դոպինգի արդյունքի հասնել: Այդ արդյունքն ինքներդ եք տեսնում: Ես հավատացնում եմ՝ հիմա նման բան չկա, իսկ եթե չեք հավատում, դա արդեն Ձեր խնդիրն է:
- Դուք ծանրորդների գերդաստանից եք, այդ մարզաձևով են զբաղվել նաև Ձեր հայրն ու հորեղբայրը: Ձեր նվաճումներում ի՞նչ դեր ունեն գեները և ի՞նչ դեր՝ մարզումները:
- Ավելի ճիշտ՝ հայրս և նրա հորեղբոր որդին: Այնքան էլ ճիշտ չի լինի ասել ծանրորդների գերդաստան, քանի որ հայրս քիչ ժամանակ է զբաղվել մարզաձևով… Գիտեք, կան մարդիկ, ովքեր շատ աշխատասեր են, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվում: Այնպես որ, եթե տոկոսային հարաբերությամբ կիսեի, կնշեի՝ 60-40, ի նպաստ գեների: Թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից ինձ լավ գեներ են փոխանցվել:
- Ձեր հետքերով է շարժվում նաև ձեր եղբայրը: Ինչպե՞ս եք գնահատում նրա հեռանկարները:
- Շատ լավ եմ գնահատում: Ճիշտ է՝ վնասվածք ունի, բայց բոլոր մարզիչներն էլ նկատում են, որ ապաքինվելուց հետո ամեն ինչ լավ կլինի: Նրան շատ լավ ապագա է սպասվում սպորտում:
- Ձեզանից հաճա՞խ է խորհուրդ հարցնում:
- Այո, ու որքանով կարողանում եմ, օգնում եմ նրան:
- Դուք Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղից եք: Ասում են՝ քաղաքից դուրս, բնության գրկում ծնված ու ապրող երիտասարդները բնությունից ուժեղ են:
- Լիովին համամիտ եմ, միանշանակ, այդպես է: Այսօր ամենաբարձր արդյունքները հենց քաղաքից դուրս ապրողներն էլ գրանցում են… Դե, գյուղում ծնված, մեծացած երիտասարդներ: Այստեղ ամեն ինչ սպորտի հետ կապված է, իսկ քաղաքում այդպիսի հնարավորություններ չկան: Օրինակ, բակում տուռնիկ չկա, ֆիզիկական աշխատանքով համեմատաբար քիչ են զբաղվում: Եթե քաղաքի երեխան մեծանում, 12-13 տարեկանում սկսում է որևէ մարզաձևով զբաղվել ու նոր հետո ֆիզիկական վարժություններ անել, ապա գյուղերում ծնված օրվանից այդ ամենի մեջ են լինում:
- Սիմոն, 13 տարեկանից այս ոլորտում եք: Հայրի՞կն է ուղղորդել:
- Անկեղծ ասած՝ ոչ: Ես միշտ էլ սիրել եմ սպորտը: Սկզբում բռնցքամարտի եմ գնացել, բայց այդ մարզաձևն այնքան էլ դուրս չեկավ: Ինձ գտա ծանրամարտում:
- Կյանքում Ձեր բարձրացրած առաջին քաշը ո՞րն է, կհիշե՞ք:
- 60 կիլոգրամը...Դա հենց առաջին օրն էր, երբ պարապելու համար դահլիճ մտա ու մարզիչը փորձելու համար ասաց. «Բարձրացրու, տեսնենք քանի՞ կիլոգրամ կարող ես բարձրացնել»: Ես մոտեցա 60 կիլոգրամին ու բարձրացրեցի…
- Ասում են՝ մարզիկները բնույթով առավել հանգիստ են լինում, չեն սիրում վիճաբանությունների մեջ ընկնել: Ինչպիսի՞ն է Սիմոն Մարտիրոսյանը բնավորությամբ: Հանդա՞րտ, թե՞ ագրեսիվ եք:
- Գիտեք, մի խումբ կա, որ սպորտով զբաղվում է ուժեղանալու ու դրսում լավ խուլիգան դառնալու համար: Նման մարդիկ մեծ արդյունքի չեն հասնում: Իսկ այն մարդիկ, ովքեր, համբերատար են, սպորտին նվիրված, բնույթով հանգիստ մարդիկ են: Գաղտնիք չէ, որ ես հանգիստ եմ: (ժպտում է. հեղ.):
- Իսկ ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
- (Մտածում է. հեղ.) Սուտը…
- Սպորտից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք: Հետևո՞ւմ եք մշակույթին, շոու-բիզնեսին:
- Մեր մարզաձևը մի քիչ շատ է հանգիստ պահանջում: Տարվա մեծ մասը հավաքների ենք լինում, ու ստացվում է այնպես, որ մեր հանգիստը հենց տեղում ենք կազմակերպում: Ինչ վերաբերում է Ձեր նշած ոլորտներին հետևելուն, ապա չեմ հասցնում, ժամանակ չի մնում:
- Ամառային հանգստի մեկնարկը տրված է: Ինչպե՞ս և որտե՞ղ եք անցկացնելու այս ամառը:
- Արդեն իսկ մի քանի օրից մեկնելու եմ հավաքների, որպեսզի պատրաստեմ համաշխարհային ուսանողական խաղերին: Դրանից հետո երկար ժամանակ պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը…
- Այդ զբաղվածության մեջ ժամանակ մնո՞ւմ է անձնական կյանքի համար: Սիրած աղջիկ ունե՞ք:
- Ամեն ինչ ցանկությունից է կախված: Հիմա այնքան էլ չեմ հետաքրքրվում ու մտածում անձնականիս մասին: Կարծում եմ՝ սպորտից հետո առավել լուրջ կմտածեմ այդ ուղղությամբ:
- Որպես կյանքի ընկեր՝ մարզուհու կընտրե՞ք:
- (Ժպտում է. հեղ.) Ինչո՞ւ չէ (մտածում է. հեղ.)… Չնայած՝ երևի ոչ…
- Ընտանիքում երկու եղբա՞յր եք:
- Ոչ, նաև մեկ քույր ունենք: Ես ավագն եմ:
- Ճանաչումը որքանո՞վ է Ձեզ օգնում կամ խանգարում:
- Իհարկե, շատ է օգնում, մարդիկ քեզ ճանաչելով՝ տեղ են տալիս: Իսկ խանգարում է նրանով, որ չես կարողանում հանգիստ շրջել…