05/07/2017 10:19
Բուհ-երն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. ՀԺ
Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ դրական չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն շտապում արձագանքել կրթության և գիտության նախարարի շրջաբերականին և ասել թե ինչպես են մտադիր վարվել վարչական ապարատի ու մասնավորապես մեծ թվով պրոտռեկտորների հետ: Նախարար Լևոն Մկրտչյանն ԱԺ-ում նախօրեին ասել էր, որ շրջաբերական նամակով դիմել է բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը: «Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ», - ասել է նա:
Տնտեսագիտական, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանից, որտեղ հնգական պրոռեկտոր կա, թերթը փորձել է պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Տնտեսագիտական համալսարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չի ստացվել:
Իսկ բժշկական համալսարանից ստացված պատասխանից պարզ է դարձել, որ պրոռեկտորների թիվը չի փոփոխվի: Բուհի լրատվական ծառայությունից ասել են, որ 2016-2017թթ. Բյուջեով նախատեսված է եղել պրոռեկտորների 6 հաստիք՝ ուսումնական, գիտական, կլինիկական, հետբուհական, միջազգային, ֆինանսատնտեսական գծով:
2017-2018թթ բյուջեով հաստիքների քանակը պահպանվել է, պարզապես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի փոխարեն հաստատությունը կունենա պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորների գործառույթները կստանձնի աշխատակազմի ղեկավարը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: