05/07/2017 11:37
Ահաբեկիչ հակառակորդի սադրանքներն անմիջապես պատժվելու են, ինչպես եղավ վերջին դեպքի ժամանակ. Դավիթ Բաբայան
Արցախում իրավիճակը վերահսկելի է, պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Մեր ռազմական հայեցակարգի հիմքում ընկած է ակտիվ պաշտպանությունը, մենք երբևիցե առաջինը չենք սկսում, չենք դիմում նման քայլերի, բայց երբ հակառակորդը փորձ կատարի, դիմի տարբեր սադրանքների՝ անմիջապես պատժվելու է, ինչպես եղավ այս վերջին դեպքի ժամանակ», - նշեց Դ.Բաբայանը։
Անդրադառնալով հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, Դ, Բաբայանն ասաց, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության և հանցագործության ևս մեկ դրսևորում։
«Որովհետև այն որևէ տրամաբանության մեջ չի մտնում, որևէ հարց չի կարգավորում, որևէ ռազմական նպատակ չի լուծում, պարզապես այնպես են վարվում, ինչպես ահաբեկիչները», - ընդգծեց Դ.Բաբայանը։
Վերջինս ասաց նաև, որ երեկ դիվանագիտական խողովակներով պարզվել է Ադրբեջանի կողմից զենքի մատակարարումը ահաբեկիչներին։
«Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ արձագանքի և դատապարտի Ադրբեջանի նման գործողությունները։ Տարիներ շարունակ մենք ասել ենք, որ սա ահաբեկչություն է, սա շատ վտանգավոր է, միջազգային կառույցները կարծես թե ուղղակի ի գիտություն էին ընդունում այդ ամենը, իսկ հիմա ահաբեկչությունն իրենց դուռն է ծեծում։ Եթե ժամանակին համապատասխան արձագանք լիներ նույն Ադրբեջանին, որը սատարում է ամենագարշելի ահաբեկչական կազմակերպություններին, միգուցե իրավիճակը այլ լիներ», - նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։
Դավիթ Բաբայանն ասաց, թե ադրբեջանական կողմն իր կրած զոհերի մասին տեղեկատվությունը միշտ թաքցնում է, ապա մի քանի շաբաթ կամ ամիս անց ինչ-որ տեղեկություն է սփռում, թե մեկին իբրև օձն է խայթել, մյուսը շոգից է մահացել, մյուսը Չինչինում է խեղդվել, բայց երբևէ չեն հրապարակում իրենց զոհերի մասին, որովհետև արդարանալու հիմք չկա. «Ամենավտանգավորն այն է, որ նրանք սեփական բնակչությանն օգտագործում են որպես թիրախ, ինչպես նաև, այդ զոհերն իրենց ռեժիմի համար ձեռնտու են։ Սա ամենասարսափելին է»։