05/07/2017 11:28
Ադրբեջանն իր քաղաքացիներին պատանդի կարգավիճակում է պահում, հակառակորդին ամեն գնով պետք է ճնշել. Վերլուծաբան
«Ադրբեջանն իր բնակավայրերը որպես կենդանի վահան է օգտագործում և այնտեղից մշտական կրակի տակ առնում հայկական մարտական հենակետերը: Հայկական զինուժն այլ տարբերակ չունի էլ. այդ կրակակետերը պետք է լռեցվեն և լռեցվում են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Շիրազ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, նախօրեին ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, որից հետո հայկական զինուժը պատասխան կրակով լռեցրել է հակառակորդին:
Շ.Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին փաստացի պատանդի կարգավիճակում է պահում, ավելին՝ այդ բնակավայրերը համալրում է փախստականներով, էթնիկ փոքրամասնություններով:
«Ստեղծված պայմաններում հայկական զինուժը պետք է շարունակի իր այս քաղաքականությունը՝ ամեն գնով ճնշելու հակառակորդին: Կրկնում եմ՝ այլ տարբերակ չկա», - հավելեց Շ. Խաչատրյանը: