05/07/2017 17:38
Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը ընդունում է իր երկրի դիվանագիտական ֆիասկոն
«Համանախագահների հնարավոր արձագանքները կանխատեսելը շատ հեշտ է: Հնարավոր է, նրանք կրկին մի հայտարարություն կանեն, որում պարտադիր կհիշատակվի հրադադարի ռեժիմի ամրապնդման կարևորությունը: Նրանց և հայկական կողմի մեկնաբանությունները կլինեն այն մասին, որ «Դե մենք ձեզ առաջարկում էինք: Ադրբեջանն է հրաժարվում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերից: Եվ մեղքի մեծ մասը ադրբեջանական կողմի վրա է»:
Ադրբեջանի իշխանությունների հետ սերտորեն կապված կայքերից մեկում նման մեկնաբանությամբ է հանդես եկել 1998-99 թթ այդ երկրի արտաքին գործերի նախարար, մերձբալթյան երկրներում նախկին դեսպան Թոֆիկ Զուլֆուգարովը:
Մեկնաբանելով հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի հանրապետության հետ սահմանին խոշոր տրամաչափի ականանետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումը և դրա հետևանքները՝ Զուլֆուգարովը ասել է, որ Ադրբեջանը երկու տարբերակ ունի. կամ անցնել լայնամասշտաբ հարձակման, կամ դիմել միջազգային կառույցներին: Սակայն երկու դեպքում էլ նախկին նախարարը լավատեսություն չի արտահայտել:
«Այս ամենը Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության և նրա ռազմական մարտավարության և ռազմավարության համակցության արդյունքն է», - ասել է Զուլֆուգարովը, ով ի դեպ դիվանագիտական ծառայության համակարգից տարիներ առաջ հեռացվել էր անձամբ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պահանջով:
«Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ եմ ցանկանում հայտարարել. մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ: Այսպես այլեւս չի կարելի», - մեջբերել է նախկին նախարարի խոսքը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ անմիջական առնչություն ունեցող կայքերից մեկը, ինչը Ադրբեջանի նման երկրի դեպքում նշանակում է, որ Էլմար Մամեդյարովի գլխին ամպեր են կուտակվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի լարվածության աճի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Մինսկի խումբը հրատապ կերպով կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է», - նշված էր համանախագահների հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաև, որ 2017-ի ապրիլին Զուլֆուգարովը կրկին ֆեյսբուքում հանդես էր եկել իր երկրի արտաքին քաղաքականությունը քննադատող հայտարարություններով: Թեեւ ոչ առանց այլատյացության բնույթի որակումների, նա պնդել էր, որ իր երկիրը շարունակում է պարտվել քարոզչական պատերազմում, քանի որ Հայաստանը շատ ակտիվ եւ արդյունավետ է գործում միջազգային ասպարեզում: