05/07/2017 16:04
Մարթեն Յորգանցը Հայաստանի քաղաքացու անձնագիր է ստացել
Հունիսի 24-ից Հայաստանում գտնվող ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցն, ով 90-ականներին առավել հայտնի դարձավ իր «Ճկույթիկ», «Այբ, բեն, գիմ» ճանաչված կատարումներով, արդեն Հայաստանի քաղաքացի է: Հուլիսի 3-ին երգիչը ստացավ իր հայաստանյան անձնագիրը:
«Մեկ տարի առաջ Ֆրանսիայի Մարսել քաղաքում դիմել էի այս հարցով: Այստեղ գալուց առաջ ինձի ըսին, որ ամեն ինչ պատրաստ է, Հայաստան կերթաք ու հոն կստանաք: Եկա, գնացի «Օվիր» (Անձնագրային և վիզաների վարչություն՝ հեղ.) և Հայաստանի անձնագիր ստացա: Այժմ երկքաղաքացի եմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այսքան տարի անց Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշումը՝ 71-ամյա երգիչը խոստովանեց.
«Հայաստանը մեր երկիրն է, ես այն շատ եմ սիրում: Ինձ համար մեծ հաճույք էր Հայաստանի անձնագիր ունենալ, անոր համար դիմեցի: Միակ պատճառն այս է, այլ բան չկա»:
Մ. Յորգանցը Հայաստանից մեկնելու է հուլիսի 9-ին: Այս ընթացքում երգիչ-երգահանը այցելում է Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Հիացած է Գորիսի և Տաթևի գեղեցկությամբ, վաղն էլ մեկնելու է Սևանա լիճ: