06/07/2017 15:30
Ադրբեջանի իշխանությունը իր երկրի խաղաղ բնակչությանը դարձրել է թիրախ հայկական կողմի պատասխան կրակի համար. ԱԺ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնի իր տեսանկյունից, իսկ Հայաստանի խնդիրն է ներկայացնել իրականությունը, այսօր «Սովորական ցեղասպանություն» շարքի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսից առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Նրա խոսքով` այս ֆիլմը մեկ քայլ է միջազգային հանրությանը, ինչպես նաև հայ հասարակությանը տեղեկացնելու ապրիլյան պատերազմի ժամանակ կատարվածը, հատկապես խաղաղ բնակչության ու, մասնավորապես, երեխաների նկատմամբ։
Նա տեղեկացրեց, որ «Ապրիլյան երկրորդ օրը» վավերագրական ֆիլմը թարգմանված է և մոտ ապագայում կներկայացվի միջազգային հանրությանը, ինչի համար կօգտագործվեն բոլոր հարթակները՝ նաև դիվանագիտական։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ օրեր առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցածը ամենևին կապ չունի ֆիլմի հետ.
«Մեզ համար ցավալի է, որ երեկ տեղի ունեցածի հետևանքով ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում զոհ է եղել, բայց դրա ամբողջական պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, որովհետև խաղաղ բնակչության կողքին հրթիռային կայաններ տեղակայելը միջազգային իրավունքի բոլոր կանոնների ու իրավական ակտերի բացահայտ խախտում է։ Ադրբեջանի իշխանությունը, փաստորեն, իր երկրի խաղաղ բնակչությանը դարձրել է թիրախ հայկական կողմի պատասխան կրակի համար, որովհետև հայկական զինված ուժերը Ադրբեջանի արձակած կրակի համար պետք է պատասխանեն կրակով», - հայտարարեց Հակոբյանը։
Նրա պնդմամբ` բանակցային գործընթացը կազմակերպող պետությունների, այսինքն՝ Մինսկի խմբի անդամ պետությունների անգործության հետևանքով է Ադրբեջանը շարունակում նման սադրանքները։ «Ոչ հասցեական hայտարարությունները հանգեցնում են նման իրավիճակի», - հավելեց պատգամավորը։
Տեղեկացնենք, որ ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Դրա հեղինակներն են Մարինա Գրիգորյանը և Լարիսա Ալավերդյանը։ Ֆիլմը պատմում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած դավադիր դիվերսիոն գործողությունների մասին: