06/07/2017 11:15
«Անընդհատ ներդրումներ». Սուրեն Կարայանը ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների ընթացքում բացասական կողմեր դեռ չի նկատել
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բացասական ոչինչ դեռ չի տեսել։
«Ընդհանրապես, ես չեմ կարող արձագանագրել մեծ բացասական երևույթներ», - այսօր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների ամփոփման մասին կլոր սեղանից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց նախարարը։
Փոխարենը, կառավարության ներկայացուցիչը թվարկում է ԵԱՏՄ-ին անդամակցության լավ կողմերը։ Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանն ունի «180 միլիոնանոց շուկա» և մեր երկրում ներդրումներ անելիս ներդրողները դա գնահատում են։
«Կարող եմ նշել, որ այն ներդրումային ակտիվությունը, որը մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, անընդհատ մենք ներդրումային ծրագրեր ենք հաստատում կառավարությունում և տալիս արտոնություններ։ Դա խոսում է այն մասին, որ ներդրողները ավելի են շահագրգռված Հայաստանում ներդրումներ անելու հարցում, որովհետև ներդրումներ անելով ՀՀ՝ իրենք մուտք ունեն 180 միլիոնանոց շուկա», - հայտարարեց Կարայանը։
Նա նաև ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքներով կարևորեց էներգակիրների ներկրումը Հայաստան։
«Միանալով ԵԱՏՄ-ին՝ մենք կարող ենք էներգակիրներ ներմուծել Հայաստան՝ առանց արտահանման մաքսատուրքերի, ինչը նշանակում է, որ ՀՀ ներկրվող գազը և այլ էներգակիրներ արտահանման մաքսատուրքերով չեն հարկվի և դրա պատճառով դրանց գինը չի բարձրանա Հայաստանում», - ճշտեց նա։
ԵԱՏՄ-ին անդամակցության մյուս դրական կողմը, որ առանձնացրեց նախարարը, միգրացիոն քաղաքականությունն է. «Դա նաև հնարավորություն է տալիս, որպեսզի մենք Հայաստանից ԵԱՏՄ արտահանենք ծառայություններ»։