06/07/2017 15:45
Ղարաբաղում Վաղարշակի սպանությունը և ադրբեջանցի 2 տարեկան երեխայի մահը ալիևյան քաղաքականության հետևանքն է. «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի հեղինակ
Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի Ներքին Ճարտար գյուղում Վաղարշակի սպանությունը և օրերս ադրբեջանցի փոքրիկի մահը ալիևյան քաղաքականության հետևանքն է, այսօր «Սովորական ցեղասպանություն» շարքի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսից հետո հայտարարեց ֆիլմի հեղինակ, լրագրող Մարինա Գրիգորյանը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել քաղաքական փուչիկ՝ հայերին մեղադրելու դրա մեջ։ Նրանց համար մեկ է՝ ով կմահանա։ Ալիևը հետապնդում է իր անձնական ու քաղաքական շահերը և այդ ճանապարհին նա չի խորշում գործի դնելու ցանկացած մեթոդ, այդ թվում՝ երեխայի սպանությունը», - հայտարարեց Մարինա Գրիգորյանը։
Նրա համար դեռևս պարզաբանված չէ, թե ի՞նչ հանգամանքներում է մահացել ադրբեջանցի երկու տարեկան երեխան։ Մարինա Գրիգորյանը անհրաժեշտ համարեց, որ միջազգայիին հեղինակավոր կազմակերպությունները իրականացնեn հետաքննություն՝ պարզելու, թե ինչ պայմաններում է մահացել երեխան։
«Մարաղայի և Խոջալուի դեպքերը մեզ համար հասկանալի են դարձնում, որ Ադրբեջանը չի խուսափում իրականացնել իր ավերիչ քաղաքականությունը», - հավելեց նա։
Տեղեկացնենք, որ ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Դրա հեղինակներն են Մարինա Գրիգորյանը և Լարիսա Ալավերդյանը։ Ֆիլմը պատմում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած դավադիր դիվերսիոն գործողությունների մասին: