06/07/2017 14:27
Լավ չենք վերաբերվում, որ շարունակվում են մատակարարումներն Ադրբեջանին, բայց պետք չէ ամեն ինչը կապել ռուսական զենք-զինամթերքի հետ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ պետք չէ վերջին օրերին սահմանին տիրող լարվածությունը կապել Ռուսաստանից Ադրբեջանին վաճառվող «Քրիզանթեմ» տեսակի ռազմատեխնիկայով։
««Քրիզանթեմն», իրականում, այն տեխնիկան չէ, որ կարող էր այսօր կիրառվել ու կապ ունենար վերջին օրերին սահմանին տիրող լարվածության հետ», - «Ազատության» եթերում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք, իհարկե, լավ չենք վերաբերվում, որ շարունակվում են մատակարարումներն Ադրբեջանին, բայց, այնուամենայնիվ, պետք չէ սա ընդհանրացնել ու ամեն ինչը կապել ռուսական զենք-զինամթերքի հետ», - ասաց ՊՆ խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից վերջերս ձեռքբերված «Քրիզանթեմ» զինամթերքը պաշտպանական ու հակատանկային միջոց է։
«Ադրբեջանի՝ վերջին շրջանում լարում առաջացնելու նախապայմանները կամ դրդապատճառները, կարծում եմ, մեկը չեն, այլ բազում են, օրինակ, կարող է շատ հավանական լինել վերջին շրջանում Ադրբեջանի ահաբեկչական, այսպես կոչված, աջակցության պրոյեկտը բացահայտվելուց հետո ուշադրության շեղումը, շատ հավանական ու տրամաբանական բացատրություն է», - ասաց նա։