06/07/2017 21:31
Ադրբեջանը բանակցություններում մտել է փակուղի. Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը։
«Ես գտնում եմ, որ Ադրբեջանի ակտիվությունը, այլ կերպ ասած, ապակառուցողական, ահաբեկչական գործողությունները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանը բանակցություններում մտել է փակուղի», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Ադրբեջանը չի կարողանում իր մեջ քաղաքական կամք գտնել ՝ իրականացնելու Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
«Երկու կողմերի բոլոր զոհերի՝ թե խաղաղ բնակիչների, թե զինվորների շրջանում, քաղաքական պատասխանատուն ու բացառապես մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծեց՝ անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, այնուհետև պախկվել այդ քաղաքացիների ու մանկահասակ երեխայի թիկունքում, որպեսզի փորձել սեփական ահաբեկչական բովանդակությունը քողարկել։
«Մի բան պետք է ասեմ՝ ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում, հակառակ դեպքում, երբ որ քարը նետում է ապակյա տունը փլվում է», - ասաց ՀՀԿ խոսնակը։
Նա շեշտեց՝ շփման գծում լարվածության միակ պատասխանատուն Ադրբեջանն է։
«Եթե միջազգային հանրությունը ձգտում է, որպեսզի լինի կայունություն, ապա նախևառաջ, նա պետք է պահանջի, որպեսզի Ադրբեջանը ներդնի այն վստահության մեխանիզմները, որի մասին խոսք է գնացել և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում։ Ոչ Հայաստանը, ոչ Արցախը չեն հրաժարվում, չեն հրաժարվել այդ մեխանզմներից, հրաժարվում է նա, ով խախտում է զինադադարը», - նշեց Է. Շարմազանովը։