06/07/2017 21:01
ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը:
Սահմանադրության 168-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները: Խորհրդարանի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Ներկայացնելով առաջիկա ընտրական գործընթացի ժամանակացույցը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև թեկնածուների առաջադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: