06/07/2017 14:10
Ապացույց չկա, որ ադրբեջանցի երեխան մեր արկից է մահացել, սակայն նման բան կարող էր լինել. ՀՀ ՊՆ խոսնակ
Միջազգային ցանկացած նորմերի խախտում է խաղաղ բնակչությանը ներքաշել մարտական գործողությունների մեջ ու թիրախավորել, «Ազատության» եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես այս առումով ադրբեջանական հանրությանը ուղղակի կուզենայի հասկացնել, երբ որ դուք հրճվանքով նայում եք, թե ձեր գյուղից ոնց են կրակում հայկական դիրքերի ուղղությամբ, պետք է հասկանաք, որ, ի վերջո, հայկական բանակը, կոնկրետ Պաշտպանության բանակը, ինքնապաշտպանվելու իրավունք ունի», - նշեց Ա.Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակն ընդգծեց՝ հայկական կողմը ոչ թե նախահարձակ կրակ է արձակում, այլ՝ պատասխան կրակ։
«Երեկ ՊԲ հրամանատարն էլ շատ հստակ ասաց՝ ցավալի է, որ խաղաղ բնակիչներ են մահացել, բայց դրա մասին, առաջին հերթին, պետք է մտածեր այն կողմը, որը թիրախավորում է այդ բնակիչներին, պիտի հասկանար՝ այն պատի տակից, որտեղից հրանոթները տեղակայվել են, այդ պատն ու պատի հետևում գտնվող մարդիկ վտանգված են», - ասաց ՊՆ խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ որպեսզի չլինեն նման երևույթներ՝ այդ մասին պետք է մտածեն ադրբեջանական իշխանություններն ու այն մարդիկ, ովքեր կոնֆլիկտի հետ այս կամ այն չափով առնչություն ունեն՝ միջազգային կառույցները։
«Չի կարելի սեփական ժողովրդի վրա այդքան արհամարհանք ունենալ, այդքան անտեսել սեփական ժողովրդի կյանքը», - նշեց նա։
ՊՆ խոսնակն ասաց՝ եթե հայկական կողմն, այնուամենայնիվ, ասում է՝ ներողություն կամ ցավում է խաղաղ բնակիչների համար, փաստեր չկան, որ դա հայկական կողմի կրակից է եղել։
«Մենք ուղղակի ասում ենք՝ եթե մեր կրակից է եղել, ապա ցավում ենք, ապացույց չկա, որ հաստատ մենք կրակել ենք ու այդ երեխան մեր արկից մահացել է, ուղղակի կարող էր նման բան լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք թիրախավորում են իրենց բնակչությանը», - ասաց նա։